16 նոյեմբերի 2011 - 14:47 AMT
Երևանում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանս

Նոյեմբերի 22-24-ին Երևանում տեղի կունենա ԱՊՀ երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների կոնֆերանս «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական և վիրտուալ ուսումնասիրություններ» թեմայով, որի ընթացքում կքննարկվեն ինչպես աստղագիտական նորագույն արդյունքներն ու տվյալները, այնպես էլ շրջահայությունները, տվյալների շտեմարանները և վիրտուալ աստղադիտարանները: Այս մասին տեղեկացնում են Հայկական Աստղագիտական Ընկերությունից։

Կոնֆերանսը կազմակերպվում է առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա միջոցառումների շրջանակներում, ինչպես արդեն հայտարարվել էր: Կոնֆերանսին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի և Տաջիկստանի 50 ուսանողներ և երիտասարդ գիտնականներ, ինչպես նաև եվրոպացի, ռուս և հայ դասախոսներ, որոնք կկարդան հրավիրված դասախոսություններ: Ուսանողները ելույթ կունենան իրենց մագիստրոսական կամ թեկնածուական թեզերի և հետազոտությունների թեմաներով: Կանցկացվեն նաև գործնական պարապմունքներ, կկազմակերպվի այցելություն Բյուրականի աստղադիտարան:

Կոնֆերանսի անցկացման լեզուներն են անգլերենը և ռուսերենը: Կոնֆերանսը ֆինանսավորում է ռուս-հայկական համագործակցության հիմնադրամը: