16 նոյեմբերի 2011 - 14:58 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Թեոդոր Բակոնսկի. Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի գործունեությունը Արևելյան գործընկերության շրջանակներում

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ ղեկավար Թեոդոր Բակոնսկիի հետ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին` ԱԳ նախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամությունը նպաստավոր հիմք է հանդիսանում հայ-ռումինական հարաբերությունների զարգացման համար: Արտգործնախարար Նալբանդյանը հույս հայտնեց նաեւ, որ այս այցելությունը նոր լիցք կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Շնորհակալություն հայտնելով Երեւան այցելելու հրավերի եւ ընդունելության համար` նախարար Բակոնսկին նշեց, որ իր Երեւան այցի նպատակն է խթանելու բարեկամ Հայաստանի հետ համագործակցությունը:

Հայաստանի եւ Ռումինիայի արտգործնախարարները քննարկեցին քաղաքական, տնտեսական, գիտակրթական եւ գիտատեխնիկական ոլորտներում փոխգործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, մշակութային կապերի ակտիվացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրույցի ընթացքում երկուստեք կարեւորվեց արտաքին քաղաքական գերատեսչությունների եւ միջխորհրդարանական վեհաժողովների շրջանակներում խորհրդատվությունների եւ փոխայցելությունների անցկացումը, ապակենտրոնացված համագործակցության խթանումը:

Արտգործնախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց հայ համայնքի եւ ռումինահայ մշակութային ժառանգության պահպանման հանդեպ Ռումինիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքի համար:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան–ԵՄ համագործակցությունը, Արեւելյան գործընկերության շրջանակներում տեղի ունեցող գործընթացները: Այս առումով նախարար Բակոնսկին բարձր գնահատեց Հայաստանի քայլերը ԵՄ հետ համագործակցության ընդլայնման եւ Արեւելյան գործընկերության ծրագրերի շրջանակներում:

Բանակցություններին Հայաստանի եւ Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ: Երկուստեք վերահաստատվեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի միմիայն խաղաղ բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա:

ՖՈՏՈՇԱՐՔ