16 նոյեմբերի 2011 - 15:01 AMT
Դեկտեմբերին կանցկացվի մուլտիմեդիա լրագրության 10-օրյա դասընթաց

Դեկտեմբերի 5-14-ը «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում կազմակերպել է մուլտիմեդիա լրագրության դասընթաց։

Դասընթացի մասնակիցները կծանոթանան տեղեկատվական նոր միջավայրում աշխատելու առանձնահատկություններին, մուլտիմեդիա լրագրության սկզբունքներին և կտիրապետեն տարբեր մեդիա հարթակներում աշխատելու գործիքներին։ Դասընթացը վարելու են «Ինտերնյուսի» մասնագետներն ու անկախ լրագրող, մեդիա կոնսուլտանտ Անատոլի Վերբինը՝ Բուլղարիայից։

Անատոլի Վերբինը լրագրողների համար ուսումնական և վերապատրաստման ծրագրերով զբաղվում է մոտ 10 տարի: Մինչ այդ աշխատել է «Ռոյթերս» գործակալությունում որպես նախկին Խորհրդային Միության և բալկանյան երկրների թղթակից:

Դասընթացին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր և օնլայն թերթերի, լրատվական գործակալությունների լրագրողներ, ովքեր աշխատում կամ պատրաստվում են աշխատել մուլտիմեդիա խմբագրության կազմում։

Ռուսերենի պատշաճ իմացությունը պարտադիր է:

Մասնակցել ցանկացողները պետք է լրացնեն օնլայն-հայտերը տեղադրված «Ինտերնյուսի» կայքում, որոնց հիման վրա ընտրվելու է 10 մասնակից։