16 նոյեմբերի 2011 - 15:21 AMT
Պողոս Պողոսյան. Ես գոհ եմ օլիմպիական ուղեգրերի քանակից, սակայն, առանձին ծանրորդներ անհաջող հանդես եկան ԱԱ-ում

Ծանրամարտի աշխարհի վարկանիշային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը Լոնդոնի Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր է նվաճել: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն ասել է, որ գոհ է օլիմպիական ուղեգրերի քանակից, սակայն, նույնը չի կարող ասել առանձին մարզիկների ելույթների մասին:

«Հավաքականը 4 ուղեգիր է նվաճել իսկ մինչ այդ նույնիսկ տարբեր մարզաձևերում հայ մարզիկներին դա չէր հաջողվում: Մարզիկների հաջող ելույթներին խանգարեցին վնասվածքները»,-ասել է Պողոսյանը:

Ըստ մարզչի, Պոդոլսկում վերջին հավաքի ժամանակ Արա Խաչատրյանը ստացավ ծնկի վնասվածք, նրան վիրահատեցին Մոսկվայում, բժիշկները հույս հայտնեցին, որ առաջիկայում նա կրկին կկարողանա մարզվել:

Իսկ 2010թ. Եվրոպայի և աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Տիգրան Մարտիրոսյանի անհաջող ելույթի մասին, որը Փարիզում 4-րդ տեղն է գրավել, Պողոսյանն ասաց հետևյալը. «Պոդոլսկում Տիգրանին սկսեց անհանգստացնել ուսի հին վնասվածքը, նա չէր ուզում մասնակցել առաջնությանը: Սակայն, մենք խոսեցինք ու որոշեցինք, որ հավաքականի համար կարևոր է նրա մասնակցությունը: Կարևորն այն է, որ նա կարողացավ օլիմպիական միավորներ վաստակել»:

Պողոսյանը նշեց, նաև, որ զգացնել է տալիս Գևորգ Դավթյանի ու Տիգրան Վարդանի Մարտիրոսյանի բացակայությունը՝ նրանք մեջքի վնասվածքներ ունեն և մոտ ապագայում չեն կարող ընդգրկվել հավաքականում:

Դեկտեմբերի 10-ից հավաքականը մեծ հավաք է սկսում, որին հրավիրված են նաև երիտասարդ ու պատանի ծանրորդները: «Մենք պետք է բացահայտենք այն ուժեղ ծանրորդներին, որոնք կկարողանան մեդալների համար պայքարել Օլիմպիադայում: Իսկ խաղերից հետո հավաքականում պետք է սերնդափոխություն տեղի ունենա, սա է մեր գլխավոր խնդիրը»,-ասել է Պողոսյանը:

Մինչ լոնդոնյան օլիմպիադան, որը տեղի կունենա հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը, հայ ծանրորդները հանդես կկգան նաև Եվրոպայի առաջնությունում: Առաջնությունը տեղի կունենա ապրիլին Անթալիայում, որին, ըստ մարզչի, կմասնակցեն երիտասարդ ծանրորդները: