16 նոյեմբերի 2011 - 16:10 AMT
Էրեբունի ամրոցը ներկայացվել է ԻԿՕՄՕՍ-ի «Վտանգված ժառանգություն. 2008-2010» տարեգրքում

Լույս է տեսել աշխարհի վտանգված հուշարձանների և տեսարժան վայրերի վերաբերյալ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի(ԻԿՕՄՕՍ) 2008-2010թթ.զեկույցը, որը հասցեագրված է մշակութային ժառանգության պահպանությամբ մտահոգ միջազգային հանրությանը:

2000 թվականից իրականացվող այս շարքը ժառանգության վտանգվածության վերաբերյալ ահազանգեր է հնչեցնում աշխարհի տարբեր կողմերից ու տարածաշրջաններից` նպաստելով ժառագության հնարավոր կորուստների ու դրան պատճառվող վնասների կանխարգելմանը: 2008-2010թթ. ժողովածուն ներկայացնում է օրինակներ աշխարհի 41 երկրներից:

Տարեգրքում Հայաստանից ներկայացված է Էրեբունի ամրոցը. քաղաք-ամրոցի Համառոտ պատմությունը, վիճակի նկարագրությունը և հիմնավորումներ անհետաձգելի միջամտությունների վերաբերյալ: Հոդվածի հեղինակը հնագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի տեղակալ Արաքսի Մեշինյանն է: Արդեն 1 տասնամյակից ավելի ճանապարհ անցած «Վտանգված ժառանգություն» շարքը խարսխված է ժառանգության Պրոֆեսիոնալների հոդվածների վրա: Հանդես գալով տարեգրքի առաջաբանում` ԻԿՕՄՕՍ-ի նախագահ Գուստավո Առաոզը մասնավորապես նշել է. «... այս հրատարակությունը հիշեցում է այն մասին, որ մեր մշակութային ժառանգությունը աշխարհի բոլոր տարածաշրջաններում միշտ վտանգված է»:

Հիշեցնենք, որ տարեգրքի 2002-2003թթ. և 2006-2007թթ. հրատարակությունները ժառանգության պահպանության միջազգային հանրությանը և մասնագիտացված միջազգային կառույցներին ներկայացրեցին փաստավավերագրական նյութեր` Ջուղայի պատմական գերեզմանատան իսպառ ավերման վերաբերյալ: