16 նոյեմբերի 2011 - 16:24 AMT
Մեկնարկել է լրագրողական աշխատանքների Նա/նե մրցույթը

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը հայտարարում են Նա/նե լրագրողական աշխատանքների 4-րդ մրցույթը: Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։

Տպագրված կամ հեռարձակված նյութերը կամ դրանց հեղինակների թեկնածությունը կարող են առաջադրել նաև հասարակական կազմակերպություններն ու անհատները: Նախատեսվում է նաև հանրային քվեարկություն Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի Facebook-ի էջում։

Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2011թ հունվար - դեկտեմբեր ժամանակահատվածում, անդրադառնան քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին` այս ամենը դիտարկելով տղամարդկանց և կանանց հավասարության տեսանկյունից։ Նյութերը կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։

Մրցույթն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակի, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և BMI ավիաընկերության հետ համատեղ։

Հայտերն ընդունվում են մինչև 2012թ-ի հունվարի 17-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն 2012 թ-ի հունվարի վերջին և կներկայացվեն «Նա/Նե» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում։