Անդորրայի Իշխանության Համիշխան. Հուսով եմ, որ հայ-անդորրական հարաբերությունները կզարգանան

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 14-ին համատեղության կարգով Անդորրայի Իշխանությունում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորին Գերազանցություն Անդորրայի Իշխանության Համիշխան, Իսպանիայի Ուխելի Եպիսկոպոս Գերաշնորհ Խուան Էնրիկ Վիվես Սիսիլիային, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Անդորրայի Համիշխանը շնորհավորեց դեսպանին հավատարմագրման կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ Անդորրայի եւ Հայաստանի միջեւ արդեն իսկ ձեւավորված բարեկամական հարաբերություններն առաջիկա տարիներին կշարունակեն զարգանալ եւ էլ ավելի խորանալ:

ՀՀ դեսպանը կարեւորեց Անդորրայի Իշխանության հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ համագործակցությունն այնպիսի միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԷՍԿՕ-ն, Եվրոպայի Խորհուրդը, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը:

Նույն օրը դեսպան Չիտեչյանը հանդիպեց Անդորրայի Արտաքին գործերի նախարար Ժիլբեր Սաբոյա Սունիեի (Gilbert Saboya Sunyռ) հետ: Հանդիպմանը քննարկվեցին ինչպես հայ-անդորրական հարաբերություններին առնչվող, այնպես էլ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---