16 նոյեմբերի 2011 - 16:51 AMT
ԿԳՆ-ն մշակել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվել և հաստատվել են «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչները», որոնք սահմանում և նկարագրում են, թե ինչ պետք է իմանա և կարողանա անել երեխան որոշակի տարիքում:

ԿԳՆ-ից հայտնում են, որ կատարված աշխատանքների արդյունքում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ լույս է տեսել «Ծննդից մինչև 6 տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ» գունազարդ գիրքը, որը նախատեսված է նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակ-մանկավարժների, մեթոդիստների, ինչպես նաև ընտանքիների և երեխաների խնամքով զբաղվող այլ հաստատությունների համար:

Այդ տարիքի երեխաների համար նախատեսված չափորոշիչները դասակարգված են ըստ զարգացման փուլերի`շարժողական ոլորտ, խոսքի և հաղորդակցման ոլորտ, իմացական ոլորտ, սոցիալական, հուզական և անձնային ոլորտ, ինքնասպասարկման, առողջության պահպանման և անվտանգություն ոլորտ, սովորելու նկատմամբ վերաբերմունքի ոլորտ: