16 նոյեմբերի 2011 - 17:10 AMT
Անդրեյ Արեշևը հուսով է, որ անհաջողություններից հետո ԵԱՀԿ ՄԽ-ն իր առաջարկներում առավել իրատեսական կդառնա

«Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: Վերջերս տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ հերթական նման հանդիպումը կարող է կայանալ արդեն 2012թ. ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և նրա թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հովանու ներքո»,-հայտարարել է ՌԴ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրեն, ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով թե, երբ կարելի է ակնկալել ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչնեի հերթական եռակողմ հանդիպումը:

«Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների ոչ ձևական հանդիպման հնարավորությունը առաջիկա ամիսներին փոքր է: Հայաստանում ներքաղաքական իրադարձություններից բացի, ինքը Ռուսաստանը ևս մտել է հերթական ընտրական շրջան, որն, ինչպես հայտնի է, այնքան էլ բարենպաստ չէ լուրջ արտաքին քաղաքական նախաձեռնությունների համար»,-ասել է փորձագետը:

Գնահատելով համանախագահների վերջին հայտարարությունները նոր առաջարկությունների մասին՝ Արեշևն ասել է. «Հուսով եմ, որ մի շարք անհաջողություններից հետո ԵԱՀԿ ՄԽ-ն իր առաջարկներում առավել իրատեսական կդառնա: Տարածաշրջանում որպես առաջնային խնդիր վստահության մթնոլորտի ձևավորման մասին խոսել են և քաղաքական գործիչները, և դիվանագետները, և քաղաքացիական հանրության ներկայացուցիչները: Այդ ենթատեքստում համանախագահների հայտարարությունը միայն ողջունելի է»,-ասել է Արեշևը, հայտնում է 1news.az-ը: