ՀՀ կառավարությունը կոչ է անում սպասել Սյունիքի մարզպետի քրեական գործով հետաքննության ավարտին

ՀՀ կառավարությունը կոչ է անում սպասել Սյունիքի մարզպետի քրեական գործով հետաքննության ավարտին

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բոլորին կոչ է արել սպասել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու առնչությամբ քրեական գործով հետաքննության ավարտին: «ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հիման վրա Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել, և մենք պետք է սպասենք այդ քրեական գործի վարույթի ավարտին, որից հետո գնահատականներ կտրվեն»,- հայտնել է վարչապետը լրագրողներին Ազգային Ժողովում:

Այդ դեպքի մասին իր անձնական կարծիքի վերաբերյալ հարցին Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Վարչապետն իրավունք չունի գնահատական տալու, քանի դեռ ծանոթ չէ այդ գործի փաստերին»: Ընդ որում, նա նկատել է, որ մարզպետի կողմը հերքում է ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը: Տիգրան Սարգսյանը հավելել է, որ եթե, այնուամենայնիվ, մարզպետի նման արարքը տեղ է գտել, «ապա, իհարկե, այդ արարքն արժանի է դատապարտման»:

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իր հերթին, խորհրդարանում պատասխանելով այդ գործով պատգամավորների հարցերին, հայտնել է, որ կառավարության կողմից կոնկրետ քայլեր կձեռնարկվեն միայն հետաքննության ավարտից հետո: «Կառավարության միասնական դիրքորոշումը կհնչեցվի այն բանից հետո, երբ այդ ամենն ապացուցվի իրավական ճանապարհով»,- նշել է նա: Նախարարն ընդգծել է, որ կառավարության ցանկացած դիտողություն կարող է գնահատվել որպես միջամտություն այդ գործընթացին, և հավելել, որ կառավարությունն ուշադրությամբ հետևելու է այդ գործընթացին: Ընդ որում, Թովմասյանը հայտնել է, թե «որպես մարդ` այդ երևույթը բացասական եմ գնահատում»:

Գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարության համաձայն, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նրան ծեծի է ենթարկել նոյեմբերի 14-ի երեկոյան «Մարիոթ» հյուրանոցի նախասրահում: Սյունիքի մարզպետի մամլո ծառայությունն իր հերթին հերքում է Սուրեն Խաչատրյանի կողմից Սիլվա Համբարձումյանին ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---