Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում քննարկել է հայ-ռուսական պաշտպանական ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը

Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում քննարկել է հայ-ռուսական պաշտպանական ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Մոսկվա կատարած այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք երկկողմ հանդիպումներ, հաղորդում է ՀՀ ԱԱԽ մամլո ծառայությունը:

ԱԱԽ քարտուղարի գլխավորությամբ պատվիրակությունը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Միխայիլ Դմիտրևի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` հայ-ռուսական համատեղ ձեռնարկությունների ստեղծման ընթացքը: Կողմերը երկուստեք ընդգծել են, որ ըստ սահմանված ժամանակացույցի արդյունավետորեն կենսագործում են այս ուղղությամբ նախատեսված աշխատանքների իրականացման սահուն ընթացքն ապահովող քայլերը: Քննարկումների արդյունքում նախանշվել են այս ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված հետագա միջոցառումները:

Այնուհետև տեղի է ունեցել ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի առանձնազրույցը, որին հետևել է ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների ներկայացուցիչների ընդլայնված կազմով հանդիպումը: Մասնակիցները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սահմանային անվտանգությանը, արտակարգ իրավիճակներին վերաբերող խնդիրներ, ռազմատեխնիկական և ռազմատնտեսական հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև ՀՀ-ում և ՌԴ-ում 2012թ. նախատեսված անվտանգության հարցերով միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:

Օրվա վերջում կողմերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհուրդների միջև համագործակցության` կոնկրետ գործողություններ, միջոցառումներ և հստակ ժամանակացույց ներառող 2012-2013թթ. ծրագիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---