Արագածոտնում անվճար ակնաբուժական աջակցություն է ստացել 3,115 մարդ

PanARMENIAN.Net - Ավարտին է մոտենում Արագածոտնի մարզում Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի համատեղ ծրագիրը, որի նպատակն էր Արագածոտնի մարզի բնակիչների համար անցկացնել անվճար ակնային զննումներ և իրականացնել բուժումներ սոցիալապես անապահով անձանց համար, տեղեկացնում են Orange-ի մամլո ծառայությունից։

Ծրագրի շրջանակներում ավելի քան 1,800 մեծահասակներ և շուրջ 1,300 երեխաներ անցել են ակնային հետազոտություն, շուրջ 600 մեծահասակներ անցել են խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, տրամադրվել է մոտ 600 ակնոց: Իրականացվել են մոտ 200 վիրահատություններ և լազերային բուժումներ: Ակնային զննումներին զուգահեռ, մոտ 500 երեխաների համար Արագածոտնի մարզի ինը դպրոցներում անց են կացվել նաև ակնային խնամքի հանրակրթական հատուկ դասընթացներ: Աչքի շարժական հիվանդանոցը կայանել էր Ծաղկահովիտում, Ապարանում, Թալինում, և մինչև նոյեմբերի 20-ը կլինի Աշտարակում:

Արագածոտնի մարզում ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 5 միլիոն դրամ: «Մեր ընկերության առաջնային խնդիրն է հեշտացնել հաղորդակցումը մարդկանց միջև, այդ իսկ պատճառով տեսողական խնդիրներ ունեցողներն Orange Հիմնադրամի հոգածության կենտրոնում են: Հատկանշական է, որ ախտորոշված երեխաների 68%-ն ակնային զննում էին անցնում առաջին անգամ, իսկ հիվանդության առաջնային փուլում բացահայտումը միակ երաշխիքն է դրա հետագա զարգացման կանխման համար:», ասել է Orange Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրունո Դյութուան:

«Հաջորդ տարի կայցելենք Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը, ինչպես նաև հնարավոր է Լեռնային Ղարաբաղ: Ուրախալի է արձանագրել, որ սկսած 2003 թ. բազմաթիվ գործընկերների և հովանավորների աջակցությամբ մեզ հաջողվել է ստուգել ՀՀ բնակչության գրեթե 10 %-ի տեսողությունը և օգնել տասնյակ հազարավոր մարդկանց», - նշել է Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի նախորդ փուլն անցկացվել էր Շիրակի մարզում։ Orange Հիմնադրամը տրամադրել էր 9 միլիոն դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---