17 նոյեմբերի 2011 - 18:19 AMT
Պրոֆեսոր Ալֆրեդ Գրոսսեն դասախոսությամբ հանդես կգա Երևանի պետական համալսարանում

Նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի Բարձրագույն կոմերցիոն դպրոցի Քաղաքական գիտությունների փարիզյան ինստիտուտի ակադեմիական ծրագրերի ղեկավար Ալֆրեդ Գրոսսեն դասախոսությամբ հանդես կգա Երևանի պետական համալսարանում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Նրա խոսքով` Գրոսսեն հանդես կգա «Ողբերգական անցյալն ու կառուցողական հիշողությունը` արդյոք հնարավոր է ֆրանս-գերմանական օրինակը տարածել այլ երկրների վրա» թեմայով դասախոսությամբ:

Ընդ որում, դեսպանը հաղորդել է, որ Ալֆրեդ Գրոսսեն Երևան է ժամանել «Մտորումների օրեր» ավանդական սեմինարին մասնակցելու համար, որի կազմակերպիչներն են Ֆրանսիայի ԱԳՆ «Դալամբեր» հիմնադրամն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը` Հայաստանի ԳԱԱ հետ համատեղ: Այս տարի սեմինարը կկայանա «Անորոշության մարտահրավերները» խորագրի ներքո:

Նոյեմբերի 17-ին և 18-ին կայանալիք սեմինարին մասնակցելու համար Երևան են ժամանել նաև Փարիզի ինստիտուտի ազգագրության պրոֆեսոր Դեկարտ Իվ Շարբինը և Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսոր Ժերալդ Բրոնեն: