18 նոյեմբերի 2011 - 11:45 AMT
Դիլիջանի ճանապարհին ավտոպատահարից ԱՄՆ քաղաքացի է տուժել. վիճակը գնահատում են ծանր

Նոյեմբերի 17-ին`ժամը 11.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «MVV DEKON & AIG» ՍՊԸ-ին պատկանող «Սուզուկիե մակնիշի 944 ՕՕ 62 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել արգելապատնեշին: Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ,1985 թվականին ծնված Ռ.Գրիգորյանը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 1973թ. ծնված Պիտեր Լա Բոմբարդին, ով ոտքի վնասվածքով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոց: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: