18 նոյեմբերի 2011 - 13:44 AMT
Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է Սյունիքի մարզպետի գործով մանրամասներ տրամադրել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի Սիլվա Համբարձումյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գործով հարցաքննության կանչված անձանց շրջանակի, կատարված և նախապատրաստվող քննչական գործողությունների կամ այն անձանց մասին, ում վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է հրավիրել հարցաքննության սույն քրեական գործով տեղեկատվության տրամադրումը ներկա փուլում չի բխում նախաքննության շահերից:

2011թ. նոյեմբերի 15-ին Սիլվա Համբարձումյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գրավոր հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2011թ. նոյեմբերի 14-ին` ժամը 17-ի սահմաններում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի սրճարանում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իրեն ծեծի է ենթարկել: Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

«Նախաքննությունը շարունակվում է, և դրա վերջնական արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ»,- գրել են հատուկ քննչական ծառայությունից։