Քիչ հետո կմեկնարկի «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարը

Քիչ հետո կմեկնարկի «Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբարը

PanARMENIAN.Net - Այսօր երեկոյան Ծաղկաձորում մեկնարկում է Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Մարդամեջ» կոչվող սոցիալական նորարարության ճամբարը:

Ճամբարի մասնակիցները երկու օր շարունակ կմշակեն են ծրագրային փաթեթներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաները ծառայեցնելով սոցիալական խնդիրների լուծմանը:

Ճամբարի գաղափարների մրցույթը շահել է 6 ծրագիր: Այսօր ճամբարի մասնակիցները կբաժանվեն վեց թիմերի և կքննարկեն իրենց գաղափարները: «Մարդամեջի» երկրորդ օրը՝ նոյեմբերի 19-ին, նրանք կաշխատեն գաղափարների իրականացման ուղղությամբ, դե իսկ նոյեմբերի 20-ին շնորհանդեսների տեսքով թիմերը կներկայացնեն իրենց պատրաստի նախագծերը:

Ընտրված գաղափարներն են՝ նախընտրական խոստումների մոնիտորինգի հարթակ (հեղինակ՝ Արամ Թովմասյան), պետական պոլիկլինիկաներում սպասարկման և հիվանդների շահերի պաշտպանության մոնիտորինգ և հանրայնացում ՝ Անի Դավթյան, հիպերտեղայնացված համայնքային նորությունների հարթակ՝ Գայանե Միրզոյան, հասարակական տրանսպորտի չվացուցակ՝ Լիլիթ Մանուկյան, «Հազար ու մի մանրուք» - կենցաղային խորհրդատվական սոցիալական ցանց՝ Սամվել Մարտիրոսյան, Wish2Real – ինտերնետային կայք, որի միջոցով սոցիալական կարիք ունեցող մարդիկ կարող են գտնել օգնության հնարավորություն առաջարկող մարդկանց կամ կազմակերպություններ՝ Ստեփան Սմբատյան:

Ճամբարի ավարտին որոշ թվով ծրագրեր կստանան ֆինանսական աջակցություն Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի կողմից՝ նախագծերն իրականացնելու համար:

Ճամբարը իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում` ՄԱԿ-ի Զարգացման գրասենյակի համաֆինանսավորմամբ:

Սոցիալական նորարարության ճամբարը աշխարում հանրահայտ` սոցիալական խնդիրները նոր գործիքներով լուծելու մեթոդ է: Այս մեթոդը կիրառելի է առողջապահության, կրթության, բնապահպանության, արդարադատության, համայնքների զարգացման կամ ցանկացած այլ ոլորտներում նորարարական լուծումներ գտնելու համար: Ճամբարի կարգախոսն է` «Օգտագործել օնլայն աշխարհը` օֆլայնը փոխելու համար»:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---