«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը մեղադրում են կայարանի գույքին տեր կանգնելու համա՞ր

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը մեղադրում են կայարանի գույքին տեր կանգնելու համա՞ր

PanARMENIAN.Net - «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստները տարածել են հաղորդագրություն, ըստ որի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Երևանի երկաթուղային կայարանը դիտարկում է որպես գյուղական խանութ:

«Պարզվում է, որ ինքն իրեն սոցիալական ուղղվածությամբ և կորպորատիվ բարձր պատասխանատվությամբ օժտված ընկերություն հռչակած «Հարավկովկասյան երկաթուղին» ամեն երեկո ժամը 20:30-ին փակում է այցելուների առջև հանրապետության գլխավոր կայարանաշենքի դռները: Հետաքրքիր է իմանալ՝ երկաթգծի ղեկավարության կարծիքն այն մասին, թե ինչ նպատակով են աշխարհի կայարանները աշխատում շուրջօրյա և որ դեպքերի համար են դրանցում սպասասրահներ նախատեսված»,- գրել են ակտիվիստները:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետի տեղակալ Կարինե Գրիգորյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դռներն 20։30 փակվում են ոչ թե ամեն օր, այլ օրը մեջ։ «Մենք Թբիլիսի մեկնող գնացք սպասարկում ենք օրը մեջ։ Իսկ մնացած օրերին վերջին գնացքը մեկնում է 19։30, որից հետո ոչ մի ծառայություն ընկերությունը չի մատուցում։ Ի՞նչ իմաստ ունի դռները բաց թողնել, երբ ծառայություն չես մատուցելու։ Այնտեղ կա թանկարժեք գույք, ու ընդամենը մեկ հերթապահ, որը, եթե ինչ որ բան պատահի, չի կարող միայնակ դեմն առնել»,- ասաց Կարինե Գրիգորյանը։

Նա հավելեց, որ մյուս օրերին, երբ դեպի Թբիլիսի մեկնող գնացք են սպասարկում, ոչ միայն կայարանի դռներն են բաց, այլև դրամարկղը, տեղեկատուն, կա տնօրինության ներկայացուցիչ, հերթապահ։ Գնացքը մեկնում է 22։30-ին, իսկ կայրանի դռները փակվում են ժամը 23։00-ին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---