19 նոյեմբերի 2011 - 13:38 AMT
ՄՃԽ. Հարկավոր է դիտարկել ղարաբաղյան կարգավորման այլընտրանքային լուծումները

Ղարաբաղյան հակամարտության լարվածությունը նվազեցնելու համար հարկավոր է դիտարկել առաջ շարժվելու բազում տարբերակներ ու այլընտրանքներ՝ չխախտելով այն գործընթացը, որն արդեն ընթանում է շուրջ 17 տարի: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Հարավային Կովկասի ծրագրերի տնօրեն Լոուրենս Շիթսը: «Պետք է դուրս գալ կաղապարից, դիտարկել այլընտրանքները, որոնք նախկինում չեն դիտարկվել, նոր մոտեցումներ գտնել»,-հայտարարել է Լոուրենս Շիթսը:

Շիթսն անդրադարձել է Կազանի հանդիպմանը՝ նշելով, որ այն ոչ մի ազդեցություն չունեցավ բանակցային գործընթացի վրա: Մեկնաբանելով պատերազմական գործողության վերսկսման մասին հարցը՝ Շիթսը նշել է, որ պատերազմական գործողությունների վերսկսումը կարող է վերածվել համատարածաշրջանային հակամարտության:

«Առաջին հերթին, անվտանգության գծով պարտավորությունների առկայության պատճառով՝ մի կողմից Հայաստանի և Ռուսաստանի, մյուս կողմից Թուրքիայի ու Ադրբեջանի միջև, որոնք սերտորեն համագործակցում են ռազմական և անվտանգության ոլորտում: Իսկ Իրանը երկար սահման ունի Հայաստանի ու Ադրբեջանի հետ»,-ասել է Շիթսը: