19 նոյեմբերի 2011 - 16:03 AMT
Գնդապետ. ՀՀ Զինված ուժերում կան այնքան բժիշկներ, որքան անհրաժեշտ է

Երեկ ռազմական բուժաշխատողի օրն էր։ Այդ առթիվ այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Արտաշես Փարսադամյանը ներկայացրեց ռազմաբժշկական վարչության ձևավորումն ու արդի վիճակը։ Նա նշեց, որ ծառայությունը ձևավորվել է մի քանի հազարամյակ առաջ, քանի որ եղել են կռիվներ, պատերազմներ, ու եղել են բուժակներ, զինվորներին աջակցողներ, օգնողներ։

«Այսօր մեր զինված ուժերում կան այնքան բժիշկներ, որքան բանակին անհրաժեշտ է։ Կազմն ամեն տարի համալրվում է։ Այս հարցում մենք ապահովված ենք»,- ասաց գնդապետը։ Նա նշեց, որ ի տարբերության 1990-ականների սկզբի՝ ձևավորման սկզբնական շրջանի, այն հիմա զարգացած, առանձին կառույց է, որը նաև մասնագիտական կախման մեջ չէ առողջապահական հզոր կազմակերպություններից։

«Մենք կարողացել ենք ստեղծել սեփական շինություններ, հոսպիտալներ, ամբուլատորիաներ, կանխարգելիչ հաստատություններ, որոնք կարող են ապահովել մեր բանակի ու ԶՈՒ բուժսպասարկումը, սկսած համալրման պահից մինչև բուն ծառայության ընթացքի բուժպահովումը»,- ասաց Արտաշես Փարսադամյանը՝ հավելելով, որ կառույցները հագեցած են նորագույն տեխնիկայով ու լավ մասնագետներով. «Դա մենք չենք համարում ավարտված պրոցես։ Դեռ 6-7 տարի առաջ ենք սկսել տեխնիկական վերազինման աշխատանքները, որը շարունակական գործընթաց է»։

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունում աշխատում են գիտության 6 դոկտոր, 34 թեկնածու։ Եվս 3 հոգի մյուս տարվա սկզբին կպաշտպանի դոկտորական թեզ, 4-ը՝ թեկնածուական։

Գնդապետը նշեց, որ մի խնդիր է մնում լուծելու՝ ժամանակին հայտնաբերել ու միջոցներ ձեռնարկել։ Իրենց հետևողական աշխատանքների շնորհիվ հիվանդացությունների քանակը բանակում արդեն իսկ նվազեցվել է 1000-ավոր անգամներ։