21 նոյեմբերի 2011 - 11:41 AMT
Գևորգ Ղազարյան. Մենք ավելի շատ շանսեր ունեինք դարպասը գրավելու, բայց գոլերը «Շախտյորն» էր իրացնում

Ուկրաինայի առաջնության 17-րդ տուրում «Շախտյորից» 0:2 հաշվով պարտություն կրելուց հետո Դոնեցկի «Մետալուրգի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Գևորգ Ղազարյանը նշել է հանդիպման ժամանակ գոլային պահերի իրացման հետ կապված խնդիրները: «Ես գտնում եմ, որ մենք ավելի շատ շանսեր ունեինք դարպասը գրավելու, բայց գոլերը «Շախտյորն» էր իրացնում: Մենք ուղղակի շքեղ պահեր ունեինք, բայց չկարողացանք ճիշտ օգտագործել դրանք»,- ասել է Ղազարյանը, հաղորդում է «Մետալուրգի» պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստի խոսքով` այժմ իրենց ողջ ուշադրությունն ուղղված է «Վորսկլայի» հետ խաղին նախապատրաստվելուն: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 25-ին: 17 տուրերից հետո «Մետալուրգը» 23 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Շախտյորը» 42 միավորով 2-րդ տեղն է զբաղեցնում: