Բակո Սահակյան. Արցախի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է մնում խմելու ջրի հարցը

Բակո Սահակյան. Արցախի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է մնում խմելու ջրի հարցը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2011»-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը և հանդես եկել ելույթով:

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Սփյուռքի հոգևոր առաջնորդները, քաղաքական ուժերի և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, անհատ բարերարներ:

Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ ցանկանում է խորին երախտագիտություն հայտնել արդեն ավանդական դարձած այս հանդիպման կազմակերպիչներին:

«Դուք մեզ հետ եք եղել պատերազմի ծանր տարիներին, երբ կենաց-մահու պայքար էինք մղում թվով ու սպառազինությամբ մեզ բազմիցս գերազանցող թշնամու դեմ ու պաշտպանում մեր պապերի հողը: Մեզ հետ էիք պատերազմից հետո, երբ ստիպված էինք վերականգնել մեր ավերված երկիրն ու ապաքինվել զրկանքների ու կորուստների ցավից: Դուք մեզ հետ եք նաև այսօր, երբ արդեն կառուցում ենք ժամանակակից, ժողովրդավարական, կայուն զարգացող ու հաստատուն քայլերով դեպի ապագան ընթացող պետություն»,- նշել է երկրի ղեկավարը:

Նախագահը վստահություն է հայտնել, որ ապագան կլինի պայծառ ու լուսավոր, բարգավաճ ու հաղթական, որ մեր վաղվա օրը կլինի ավելի լավ, քան այսօրն է:

«Ես ասացի, որ Արցախն այսօր բռնել է կայուն զարգացման ուղի: Դա սոսկ խոսքեր չեն: Իրականացված մի շարք բարեփոխումների արդյունքում մենք արձանագրել ենք կայուն տնտեսական աճ, որը զգալիորեն գերազանցում է նախկին տարիների ցուցանիշը: Լայնածավալ աշխատանքի շնորհիվ հասել ենք նրան, որ հանրապետության մի շարք ոլորտներում վերացել են այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են կաշառակերությունն ու կոռուպցիան: Ստեղծել ենք բարենպաստ ներդրումային դաշտ, ինչը հնարավորություն է տալիս փոխշահավետ գործընկերային հարաբերություններ հաստատել միջազգային տարբեր հայտնի ընկերությունների հետ»,- ընգծել է Բակո Սահակյանը:

Արցախի նախագահը նշել է, ոչ ԼՂՀ հաջողությունների մեջ անգնահատելի է ողջ հայության ներդրումը: Ըստ նրա, «Հայաստան» համահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում կառուցվել և վերանորոգվել են բազմաթիվ դպրոցներ, մանկապարտեզներ, բուժհիմնարկներ, բնակելի տներ, ճանապարհներ: «Վերջին երեք տարիների ընթացքում խմելու ջրով ապահովվել է 66 համայնք: Ընդհանուր առմամբ, կառուցվել է մոտ 470 կիլոմետր երկարությամբ ջրամատակարարման ցանց: Այդ ծրագրի իրականացման համար ծախսվել է ավելի քան 4,3 միլիարդ դրամ, որի 60 տոկոսը ֆինանսավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից»,- նշել է ԼՂՀ ղեկավարը, հավելելով, որ դեռևս շատ են անելիքներն ու անհապաղ լուծում պահանջող խնդիրները: Արցախի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից է մնում խմելու ջրի հարցը:

«Մենք նախատեսում ենք այս տարի շարունակել հանրապետության ջրային համակարգի բարելավման ծրագիրը: Ջուրը ռազմավարական այն ռեսուրսն է, որի տեղը համաշխարհային քաղաքականության մեջ գնալով ավելի ու ավելի է մեծանում: Իսկ մենք ունենք այդ ռեսուրսի չօգտագործվող հսկայական ծավալներ»,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Իր խոսքի վերում Արցախի ղեկավարը կոչ է արել բոլորին նույն եռանդով ու ոգևորությամբ մասնակցել «Հեռուստամարաթոն-2011»-ին` այն խորին գիտակցությամբ, որ ներդրած յուրաքանչյուր լուման կնպաստի հայրենի Արցախի շենացմանն ու զորացմանը, նրա բնակչության կենսապայմանների բարելավմանը:

«Մեկս մեկին սատար կանգնելու, մեկս մեկին աջակից լինելու, հայրենի երկրի ու ժողովրդի հանդեպ մեր սուրբ պարտքը կատարելու գաղափարն է, որ պետք է միավորի ու առաջնորդի մեզ` դեպի նոր հաղթանակներ, դեպի նոր ձեռքբերումներ»,- ամփոփել է Բակո Սահակյանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---