10 հուլիսի 2000 - 18:50 AMT
ՀԱՅ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ «ԽԻՍՏ ԶԱՐՄԱՆՔ» Է ՀԱՅՏՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
10.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. «Մենք խիստ զարմացած ենք Ադրբեջանի պաշտպանության նախարար Աբիեւի հայտարարությամբ: Տպավորություն է ստեղծվում, որ նա ուղղակի ծանոթ չէ իր երկրի նախագահ Հեյդար Ալիեւի բազմաթիվ հայտարարություններին այն մասին, որ պաշտոնական Բաքուն հադես է գալիս Ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման օգտին»: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է մի բարձաստիճան հայ դիվանագետ` մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի` ռուսաստանյան մամուլում հրապարակված հայտարարությունը:
Հուլիսի 7-ին ռուսաստանյան «Վրեմյա ՄՆ» թերթը առաջին էջում հրապարակել էր «Բաքուն սրով է սպառնում Ղարաբաղին» նյութը, որտեղ, մասնավորապես, ասվում էր. «Եթե Ղարաբաղյան հանգույցը խաղաղ բանակցություների միջոցով` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, չարձակվի, ապա Ադրբեջանը կկտրի այն սրով: Պարզ ասած, Ադրբեջանի Զինված ուժերը կիրականացնեն իրենց գործառույթները` ուղղված երկրի տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Այսպիսին է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարության էությունը»:
Ադրբեջանի ընդդիմադիր ուժերի հաճախակի հայտարարությունները` Ղարաբաղյան խնդիրը ռազմական միջոցներով լուծելու վերաբերյալ, կարելի է դիտարկել որպես նախընտրական ճարտասանություն, ասել է հայ դիվանագետը ՄԵԴԻԱՄԱՔՍԻՆ: «Սակայն եթե այս կոչերին միանում է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ապա դա անհանգստության եւ տարակուսանքի տեղիք է տալիս», - հայտարարել է հայ դիվանագետը: --0--