21 նոյեմբերի 2011 - 19:29 AMT
Հայաստանը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Սենեգալի հետ

Նոյեմբերի 21-ին Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանն ընդունեց Հայաստանում Սենեգալի նորանշանակ դեսպան Մամադու Սալիու Դիուֆին (նստավայրը` Մոսկվա)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում փոխնախարար Մանասարյանը, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Սենեգալի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ:

Դեսպան Դիուֆը վստահեցրեց, որ կանի առավելագույնն երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:

Զրուցակիցները քննարկեցին միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես կարևորվեց համագործակցությունն այնպիսի միջազգային կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպությունը:

Հյուրի խնդրանքով Սերգեյ Մանասարյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները: