21 նոյեմբերի 2011 - 20:20 AMT
Սիրիայում թուրք ուխտագնացներով միանգամից երեք ավտոբուսի վրա են հարձակվել

Սիրիայում անհայտ անձինք հարձակվել են թուրք ուխտագնացներով երեք ավտոբուսի վրա, հաղորդում է Today's Zaman-ը` հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ին:

Միջադեպը տեղի է ունեցել սիրիական Հոմս քաղաքի հսկիչ-անցագրային կետում: Զբոսաշրջիկները շարժվում էին Սաուդյան Արաբիա, որպեսզի ուխտագնացություն կատարեն: Զինված հարձակման արդյունքում առնվազն երկու մարդ վիրավորվել է, նրանցից մեկը ավտոբուսի վարորդն է:

Նոյեմբերի 12-ին Դամասկոսում Ասադի կողմնակիցները հարձակվել էին Թուրքիայի դեսպանատան վրա, քանի որ վերջինս օժանդակել էր Արաբական պետությունների լիգայի որոշումը կազմակերպությանը Սիրիայի անդամակցությունը դադարեցնելու մասին: Դրանից հետո Անկարան հայտարարել էր դեսպանատան աշխատակիցների և դիվանագետների ընտանիքի բոլոր անդամների մասնակի տարհանման մասին: Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան մտադիր է Սիրիայի հետ սահմանամերձ տարածքում «անվտանգության գոտի» ստեղծել, որը փակ կլինի սիրիական զինվորականների համար: