21 նոյեմբերի 2011 - 20:28 AMT
Հաջորդ տարի ևս Երևանի մանկապարտեզները կգործեն անվճար հիմունքով

Քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև մի շարք մանկապարտեզների ջեռուցման համակարգերի շահագործման հետ կապված այսօր հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ հիմնական նախապատրաստական աշխատանքներն ավարտված են:

«Մշակութային կրթօջախներն ու նախադպրոցական հաստատությունները պետք է աշխատեն ջեռուցման պայմաններում: Պետք է արագացնել այդ աշխատանքները և ժամանակին ապահովել ջեռուցումը:

Քաղաքապետարանը ջեռուցման նպատակով բյուջետային լուրջ գումարներ է հատկացնում այդ հաստատություններին և, ըստ այդմ, ուղղակի անթույլատրելի է, երբ մամուլում հանդիպում ենք հրապարակումների, թե ջեռուցման նպատակով լրացուցիչ գումարներ են հավաքագրվում»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել հանրակրթության վարչության պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին խսիտ հսկողության տակ պահել այդ հարցը:

Տարոն Մարգարյանը նշել է նաև, որ 2012 թվականի բյուջեով արդեն նախատեսված է համապատասխան ֆինանսավորում և հաջորդ տարի ևս մանկապարտեզները կգործեն անվճար հիմունքով:

Անդրադառնալով մանկապարտեզների սննդի որակի ապահովման հարցին` քաղաքապետը նշել է, որ չնայած սննդի մատակարարումը մշտապես ուշադրության կենտրոնում է և վերահսկվում է համապատասխան կառույցների կողմից, այնուհանդերձ, Տարոն Մարգարյանն առաջարկել է ծնողներին ևս ներգրավել այդ աշխատանքներում` գործընթացն ավելի թափանցիկ դարձնելու նպատակով: