21 նոյեմբերի 2011 - 21:09 AMT
Էդվարդ Նալբանդյան. Հոլանդական կապիտալով ձեռարկությունների քանակը կարելի է կրկնապատկել

Նոյեմբերի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հաագայում հանդիպում է ունեցել Նիդերլանդների ԱԳ նախարար Ուրի Ռոզենտալի հետ: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Ուրի Ռոզենտալը շնորհավորել է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության հիմնադրման կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ այն լուրջ ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Հաագայում ՀՀ դեսպանության հիմնումը երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, խորացման և ամրապնդման նպատակադրվածության ուղերձ է պարունակում: Նախարարը կարևորել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տնտեսական փոխգործակցության խթանմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը:

Նշելով, որ այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է հոլանդական կապիտալով 46 ձեռնարկություն` Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնել է, որ համատեղ ջանքերով դրանց քանակը կարելի է առնվազն կրկնապատկել: Նալբանդյանը ներկա է գտնվել Հաագայում ՀՀ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը:

ՀՀ ԱԳ նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանությունը կարևոր դերակատարություն կունենա բարեկամ Նիդերլանդների հետ համակողմանի հարաբերությունների խորացման գործում: Խոսելով հոլանդահայ համայնքի մասին` նախարար Նալբանդյանը կարևորել է նրա դերը` որպես երկու ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման յուրահատուկ կամուրջ: