22 նոյեմբերի 2011 - 09:14 AMT
ԿԱՐԾԻՔ
Ինչպե՞ս են գետնանցումները վերածվում «բազառի», կամ ամեն նոր բան շուտով սովորական է դառնում

Վերջին մի քանի տարում Երևանի կենտրոնում մի քանի նոր գետնանցում կառուցվեց՝ լուսավոր, գեղեցիկ, լայն, հարմարավետ։ Հետո էլ ամիսներ շարունակ ոստիկանության աշխատակիցները սովորեցնում էին բնակչությանն օգտվել այդ գետնանցումներից, ոչ թե կյանքը վտանգելով վազել մեքենաների միջով։

Որոշ ժամանակ անց արդեն գետնանցումների պատերը պատվեցին հայտարարություններով, գրություններով, սկսեցին «բուրել» բնորոշ հոտով, ամեն գետնանցում իր մուրացկանը ունեցավ, կախովի առաստաղներն ու ցերեկային լույսերն անհետացան։ Մի խոսքով «եվրառեմոնտից» բան չմնաց, ու ընդամենը մի քայլ էր բաժանում նրանց «սովորական» գետնանցում դառնալուց...

Մոտ 2 շաբաթ Խանջյան փողոցի գետնանցումներից մեկից՝ Վերնիսաժի դիմաց, խիտ փոշի էր բարձրանում։ Անցորդներին թվում էր, թե պատերն են մաքրում կամ էլ պոկված ու կոտրված լույսերն են վերականգնում։ Բնավ... Իրականում ողջ գետնանցումը՝ ծայրից ծայր, կրպակներով են փակել և անցորդների համար անգամ հիմա շատ նեղ տեղ են թողել։ Պատկերացնու՞մ եք՝ ինչ կկատարվի, երբ կրպակները սկսեն գործել ու դրանց դիմաց գնորդներ խմբվեն։

Գետնանցումը պարզապես կդադարի բուն նպատակին ծառայել և կվերածվի հերթական «բազառի»՝ մուրացկաններին կփոխարինեն վաճառականները, գարշահոտին՝ քյաբաբ-խորովածների «բույրը», մի խոսքով՝ «նոր» գետնանցումների վերափոխումը «սովորականների» կմտնի եզրափակիչ փուլ։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN News