Միջազգային գործարար զեկույց. Զարգացող շուկաները առաջատար դիրք են գրավում սոցիալական կայքերում

Միջազգային գործարար զեկույց. Զարգացող շուկաները  առաջատար դիրք են գրավում սոցիալական կայքերում

PanARMENIAN.Net - Զարգացող շուկաների ընկերությունները, առաջ անցնելով իրենց արեւմտյան գործընկերներից, առաջատար դիրք են գրավել սոցիալական կայքերում՝ հայտնում է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Միջազգային գործարար զեկույցը (ՄԶԳ):

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում հարցմանը մասնակից ընկերությունների 43% որեւէ կերպ օգտագործում են սոցիալական կայքերն իրենց գործունեության մեջ: Այս ցուցանիշը նույնիսկ հասնում է 53% Լատինական Ամերիկայում եւ 50%-ի BRIC շուկաներում: Զարգացած շուկաներում արդյունքներն ավելի ցածր են՝ 40% Մեծ յոթնյակի երկրներում եւ միայն 35% Եվրոպայում: Հայաստանում գրանցված ցուցանիշը մոտ է եվրոպականին եւ սոցիալական կայքերի օգտագործմանն են դիմում հարցված հայկական ընկերությունների միայն 34%-ը: Միեւնույն ժամանակ Լատինական Ամերիկայի ընկերությունների 3/4-ից ավելին (78%), Եվրամիության ընկերությունների 2/3-ը (66%) եւ Մեծ յոթնյակի ընկերությունների կեսից ավելին (55%) պլանավորում են ավելացնել սոցիալական կայքերի օգտագործման ծավալները:

Այս արդյունքներն ազդանշան են այն գործարարների համար, ովքեր չեն ցանկանում ընդունել թվայնացված նորարարությունները եւ կարող են կորուստներ ունենալ էլեկտրոնային կոմերցիայի՝ մինչ 2015 թ. 1.4 տրիլիոն դոլարի հասնելու պոտենցիալ ունեցող շուկայում:

Գրանթ Թորնթոն Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցների բաժնի ղեկավար Մարկ Հենշոուն մեկնաբանում է. «Արդյունքներն իսկապես զարմանալի են: Նրանք ցույց են տալիս, որ զարգացող շուկաների ընկերությունները շատ ավելի արագ են ներգրավվում սոցիալական կայքերում, քան նրանց գործընկերները զարգացած շուկաներում: Նրանք ավելի մեծ հավատ ունեն այն առումով, որ սոցիալական կայքերում իրենց ակտիվ ներկայությունը ազդեցություն կարող է ունենալ հաճախորդների, սպառողների հետ հարաբերությունների եւ, ի վերջո, նրանց ֆինանսական արդյունքների վրա:

Հետաքրքիր է, որ ընկերությունների կողմից սոցիալական կայքերի օգտագործումն արտացոլում է տնտեսության վիճակը: Զարգացող շուկաները, որ ամենից արագ են ընկալում նորությունները, կայուն աճ են ապրում, այն պարագայում, երբ Եվրոպայում շարունակ խնդիրներ են առաջանում: Ակնհայտ է, որ Եվրոպայի տնտեսական դժվարությունների պատճառը սոցիալական կայքերը չեն, այդուհանդերձ, այս հետազոտությունը մատնանշում է, թե ինչ տարբերություն կա մտածողության եւ աշխատանքի նոր ուղիների նկատմամբ վերաբերմունքների միջեւ:

Զարգացող երկրներում ինտերնետից օգտվողները տոկոսային հարաբերությամբ զիջում են Եվրոպային եւ Հյուսիսային Ամերիկային, սակայն նրանց բնակչությունները մեծաթիվ են, եւ հսկայական հնարավորություններով լի շուկա են ներկայացնում: Օրինակ, Չինաստանում ինտերնետից օգտվում է 485 միլիոն մարդ, որ նրա ներկայիս բնակչության ընդամենը 36%-ն է կազմում: Հնդկաստանում ինտերնետը հասանելի է բնակչության 10%-ից էլ պակաս թվին: Եվրոպական գործարարների մարտահրավերը պարզից էլ պարզ է՝ նրանք կամ պետք է հասցնեն այս արագությանը, կամ պարտվեն:»

Հետազոտության արդյունքները նաեւ ցույց են տալիս սոցիալական կայքերից հարցված ընկերությունների օգտվելու դրդապատճառները՝ գովազդ (53%), հաճախորդների հետ հաղորդակցություն (51%) եւ կադրերի ներգրավում (43%): Գովազդն առաջին դրդապատճառն է նաեւ Հայաստանում (28%), այնուհետեւ՝ կադրերի ներգրավումը (10%), իսկ հաճախորդների հետ հաղորդակցության տարբերակն ընդհանրապես չի նշվել հարցմանը մասնակից ընկերությունների կողմից:

ՄԳԶ-ը նաեւ նշում է, որ չնայած նոր լրատվամիջոցների սրընթաց տարածմանը, թերթերը շարունակում են մնալ գործարարների կողմից նորությունների ստացման նախընտրելի աղբյուրը: Համաշխարհային միջինը (79%) ցույց է տալիս, որ հարցված 5 գործարարներից 4-ը շաբաթն առնվազն երեք անգամ թերթ են կարդում: Հայաստանում հարցմանը մասնակից գործարարների 76%-ը հաստատել են, որ պարբերաբար թերթ են ընթերցում: Ի հավելումն, Հայաստանում թերթերը՝ տպագիր եւ էլեկտրոնային տարբերակներով, շարունակում են հանդիսանալ նորությունների ստացման ամենանախընտրելի աղբյուրը (66%), որին հետեւում է հեռուստատեսությունը՝ ստանալով մասնակիցների ձայների 21%:

Զարգացող շուկաները առաջատար դիրք են գրավում սոցիալական կայքերում

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---