22 նոյեմբերի 2011 - 13:36 AMT
Նոր համակարգի միջոցով աղետների հետևանքով տուժած տարածքները կերևան մոնիտորների վրա

Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր քաղաքապետարանի Երևան քաղաքի տեխնոլոգիաների ներդնման կենտրոնի ներկայացուցիչներն ԱԻ նախարար Արմեն Երիցյանին են ներկայացրել Երևանում տարբեր արտակարգ իրավիճակների հնարավոր սցենարների հետևանքների ու խոցման գոտիների ավտոմատ որոշման փորձնական ծրագիրը։

ԱԻՆ-ից հայտնում են, որ ծրագիրը հնարավորություն է տալիս տարբեր աղետների դեպքում մոնիտորների վրա տեսնել, թե ինչ տարածք է տուժել աղետից, մուտքագրված շառավղով տարածքում առկա կարևոր օբյեկտները` հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այլ հաստատություններ, ինչպես նաև յուրաքանչյուր օբյեկտի մասին ամբողջական տեղեկատվություն։

Ներկայացվել է նաև հրշեջ և այլ հատուկ մեքենաների վրա տեղադրվող սարքի` արբանյակային մշտադիտարկման համակարգի ծրագիրը։ Մեքենայի վրա տեղադրվող այս սարքը հնարավորություն է տալիս իրական ռեժիմով տեսնել մեքենայի դիրքը քարտեզի վրա և մեքենայի հետ կապված ցանկացած տեղեկատվություն` վառելիքի քանակ, արագություն, տեղակայման վայրից դուրս գալու և վերադառնալու ժամ և այլն։ Գրանցվող բոլոր տվյալներն ավտոմատ ձևով արխիվացվում և պահպանվում են։

ԱԻ նախարարը հանձնարարել է ուսումնասիրել ծրագիրը, ինչպես նաև Երևանի հրշեջ մասերի մեքենաների վրա փորձնական տեղադրել ներկայացված սարքերը։