
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի երրորդ շղթայի 14 շենք և ծանոթացել է այստեղ իրականացվող գազաֆիկացման աշխատանքների ընթացքին: Շենքի բնակչությունը նախկինում դիմել էր վարչապետին՝ գազաֆիկացման խնդրանքով, սակայն այստեղ չէր թույլատրվում կատարել նման աշխատանքներ՝ նախագծային նորմատիվների խախտման պատճառով, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը:
Կառավարության ղեկավարի հանձնարարականի համաձայն քաղաքապետարանը կատարել էր ուսումնասիրություններ՝ խնդրի լուծման նպատակով:
Իրականացված աշխատանքների արդյունքում ապահովվել են շենքի հակահրդեհային և անվտանգության բոլոր նորմատիվները, վերացվել թերությունները, որից հետո էլ սկսվել են գազաֆիկացման աշխատանքները:
16-րդ թաղամասի երրորդ շղթայի 14 շենքի բնակիչները գազ կստանան առաջիկա օրերի ընթացքում. այժմ ավարտվել են գազաֆիկացման աշխատանքների 70 տոկոսը: Շենքի բնակիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ իրենց խնդրանքին արձագանքելու համար:
Սա առաջին շենքը կլինի այս թաղամասում, որը կգազաֆիկացվի, քանի որ մյուս բոլոր շենքերը ևս դեռևս չեն համապատասխանում գազաֆիկացման համար անհրաժեշտ անվտանգության պայմաններին:
Թաղամասի այն շենքերի բնակիչները, ովքեր համատիրությունների հետ միասին նախագծային տեսքի կբերեն իրենց շենքերը՝ առաջիկայում ևս կապահովվեն գազով: