Արմեն Աշոտյանը եվրոպական պաշտոնյաներին պատմել է Հայաստանում կրթական գործընթացների մասին

Արմեն Աշոտյանը եվրոպական պաշտոնյաներին պատմել է Հայաստանում կրթական գործընթացների մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 22-ին ընդունել է աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ժերար Շտուդմանի գլխավորած պատվիրակությանը:

Աշոտյանն ընդգծել է, որ լինելով եվրոպական կրթական տարածքի մաս, ՀՀ կրթության համակարգում առաջնային է դիտարկվում եվրոպական կառույցների հետ համագործակցության ընլայնումը: Նախարարը, ներկայացնելով Հայաստանում կրթական բարեփոխումների ընթացքը, նշել է, որ ՀՀ կառավարության կողմից կրթական ոլորտը դիտարկվում է գերակա ուղղություն: Նախարարը շեշտել է, որ կրթական բարեփոխումների կարևոր ուղղություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: «Կրթության գերակայությունը ամրագրված է մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրերում, օրենքներում և այլ փաստաթղթերում»,- մասնավորապես նշել է Արմեն Աշոտյանը: Կրթական բարեփոխումների քաղաքականության համատեքստում կարևորվել են հատկապես բարձրագույն կրթության համակարգում իրականցվող ծրագրերը, որոնք պայմանավորված են Բոլոնիայի գործընթացով: Նախարարը ներկայացրել է Բոլոնիայի գործընթացի Հայաստանի և Լեհաստանի համանախագահության ընթացքում իրականացված և նախատեսվող միջոցառումները:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ժերար Շտուդմանն իր հերթին նշել է, որ Եվրախորհուրդը պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանում կրթական բարեփոխումների իրականցման գործին: Որպես կրթական բարեփոխումների բովանդակային բաղադրիչ` կարևորվել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը: Անդրադարձ է եղել նաև ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում լրագրողական կրթության որակի բարելավմանը` այն դիտարկելով խոսքի ազատության և ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարևոր խթան:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրախորհուրդ 2012-2013 թվականների համագործակցության ծրագրի այլ ուղղություններ ևս:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---