23 նոյեմբերի 2011 - 09:14 AMT
ԱՄՆ նախագահի թեկնածու. Մոլլաներն արդեն որոշել են, որ Իրանը պետք է միջուկային ծրագիր մշակի

ԱՄՆ նախագահի թեկնածու, Չինաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հանթսմանը գտնում է, որ Իրանի հանդեպ Միացյալ Նահանգների պատժամիջոցները ցանկալի պտուղներ չեն բերի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Պատժամիջոցները չեն աշխատելու: Ինձ տհաճ է դա ասել, բայց դրանք չեն աշխատելու, որովհետև Չինաստանը չի միանա նախաձեռնությանը: Ռուսաստանն էլ չի միանա: Եվ ես կարծում եմ, որ մոլլաներն արդեն որոշել են, որ Իրանը պետք է միջուկային ծրագիր մշակի: Ինչո՞ւ: Նրանք նայեցին ԿԺԴՀ-ին. նրանք ունեն զենք, և նրանց ոչ ոք ձեռք չի տալիս: Նրանք նայում են Լիբիային: Լիբիան հրաժարվեց զենքից հանուն բարեկամության և խաղաղության: Եվ տեսեք, թե որտեղ է նա հիմա»,- ասել է Հանթսմանը երեքշաբթի երեկոյան նախագահի հանրապետական թեկնածուների քննարկումների ժամանակ:

ԱՄՆ-ը երկուշաբթի օրը շարունակել է ընդլայնել Իրանի հանդեպ պատժամիջոցների ցուցակը` արգելելով ամերիկյան քաղաքացիներին և ընկերություններին գործարարությամբ զբաղվել իսլամական հանրապետության նավթաքիմիական արդյունաբերության ներկայացուցիչների հետ: