23 նոյեմբերի 2011 - 13:02 AMT
Բակո Սահակյանը Լոս Անջելեսում հանդիպել է ամերիկահայ գործարարների եւ բարերարների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ գործարարներ եւ բարերարներ Իսակ Վարդանյանի եւ Գեւորգ Ոսկանյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել շինարարության ոլորտին եւ այս բնագավառում փոխգործակցության հաստատմանը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել բարերարներին հանրապետությանը ցուցաբերվող աջակցության համար: Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք: