23 նոյեմբերի 2011 - 13:21 AMT
ԳԹԿ. Մաթեմատիկա և հայոց լեզու առարկաների շտեմարանները մյուս շաբաթ կհայտնվեն վաճառքում

Մաթեմատիկա ու հայոց լեզու և գրականություն առարկաներից բուհական ընդունելության քննությունների համար գնահատման և թեստավորման կենտրոնը ներմուծում է շտեմարաններ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:

«Վարչապետի մոտ ունեցած խորհրդակցության արդյունքում եկանք եզրակացության, որ պետք է քննությունները հնարավորին չափ հեշտացնենք ու դարձնենք հնարավորինս կանխատեսելի»,- ասաց բանախոսը: Նա նշեց, որ քննական թեստերը կկազմվեն բացառապես շտեմարանների հիման վրա և դրանով իսկ կդառնան կանխատեսելի:

Նա ուրախությամբ զեկուցեց, որ արդեն կա մաթեմատիկա առարկայի շտեմարանի առաջին մասը: Մոտ օրերս լույս կտեսնի նաև հայոց լեզու և գրականություն առարկաների շտեմարանի առաջին մասը:

«Մենք առաջարկություն կներկայացնենք կառավարությանը, կառավարությունը գինը կորոշի ու մոտ օրերս արդեն, հավանաբար, մյուս շաբաթ շտեմարանները կլինեն վաճառքում»,- նշեց Գուրգեն Խաչատրյանը` հավելելով, որ գինը, հավանաբար, կտատանվի 2000-2500 դրամի սահմաններում: Իսկ համացանցում շտեմարանները կհայտնվեն միայն այն ժամանակ, երբ ԳԹԿ-ն կվաճառի անհրաժեշտ քանակությամբ օրինակներ: