23 նոյեմբերի 2011 - 14:20 AMT
ԳԹԿ. Զգուշացե՛ք կեղծ շտեմարաններից

Գնահատման թեստավորման կենտրոնը զգուշացնում է` շուկայում առկա են կեղծ շտեմարաններ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյանը` նշելով, որ իրենց կողմից հրատարակված շտեմարանների շապիկի վրա կա «Գնահատման և թեստավորման կենտրոն» գրությունը, իսկ առաջին էջի վրա` ԳԹԿ կնիքը:

Նա նշեց, որ վերջին շրջանում վաճառքում հայտնվել էր կեղծ շտեմարան: ԳԹԿ-ն դիմել է իրավապահ մարմիններին, և կեղծ ձեռնարկի տպագրումը կասեցվել է. «Հենց առաջին օրն էլ իմացանք այդ մասին, և անմիջապես դիմել ենք և լրատվական միջոցներին, որ դա այն շտեմարանը չէ, որ ԳԹԿ-ն է պատրաստվում հրատարակել: Դիմել ենք իրավապահ մարմիններին: Արդյունքում կասեցվել է այդ շտեմարանի հրատարակումը: Վերնագիրը փոխվել է, դարձել «Թեստերի ժողովածու», որը հրատարակելը իրենց իրավունքն է»,- ասաց բանախոսը:

Շուտով վաճառքում կհայտնվե ն ԳԹԿ-ի կողմից հրատարակվող հայոց լեզու և մաթեմատիկա առարկաների շտեմարանները: Խաչատրյանը նշեց, որ մյուս տարի արդեն կհրատարակվեն շտեմարաններ նաև բնագիտական առարկաներից և օտար լեզուներից: Բոլոր շտեմարաններն ամեն տարի կթարմացվեն ու կհամալրվեն նոր հարցերով: