25 դեկտեմբերի 2003 - 22:07 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ԶԳՈՒՄ ՃՆՇՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերքել է ընդդիմության հայտարարություններն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով միջազգային միջնորդները ճնշում են գործադրում Երեւանի նկատմամբ` հարկադրելով ստորագրել Հայաստանի համար անշահավետ խաղաղության փաստաթուղթ: Պատասխանելով «Գոլոս Արմենիի» թերթի հարցերին` նա նշել է, որ բանակցությունների ձեւաչափը եւ մեթոդաբանությունը, որը իրականցվում է այժմ բանակցային գործընթացում, չեն ենթադրում ճնշման գործադրում, որի մասին խոսում է ընդդիմությունը: Նախագահի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները եւ ՄԽ-ում համանախագահող երկրների ղեկավարները բազմիցս անգամ հայտարարել են, որ պատրաստ են աջակցելու կարգավորմանը, սակայն որոշումը պետք է կայացնեն հակամարտող կողմերը: «Մինչ օրս (եւ հուսով եմ, նաեւ առաջիկայում) կարգավորման բանաձեւը եւ մեթոդաբանությունը չեն փոխվել»,- հայտարարել է Ռ.Քոչարյանը: Ընդ որում նա ենթադրել է, որ, հնարավոր է, ընդդիմությունը իշխանության գալու իր պլանների իրականացումը տեսնում է այն իրավիճակի մեջ, որը կարող է ստեղծվել ճնշման արդյունքում: