24 նոյեմբերի 2011 - 10:53 AMT
Ֆրանսիան ճանաչել է Սիրիայի ընդդիմության լեգիտիմությունը

Ֆրանսիան Սիրիայի ընդդիմադիր Ազգային խորհուրդը բանակցություններում լեգիտիմ գործընկեր է ճանաչել: Այդ խորհրդի նախագահի հետ հանդիպումից հետո այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն:

Խորհուրդը ստեղծվել է օգոստոսին Ստամբուլում մի խումբ սիրիացի ընդդիմադիրների կողմից: Բացի Ֆրանսիայից խորհրդի` որպես Սիրիայում միակ լեգիտիմ իշխանության ճանաչման մասին, հայտարարել է լիբիական ապստամբների կառավարությունը:

Ալեն Ժյուպեն նշել է նաև, որ Ֆրանսիան հասնելու է Արաբական պետությունների լիգայի և իր մյուս դաշնակիցների կողմից Խորհրդի լեգիտիմության պաշտոնական ճանաչմանը, գրում է zman-ը:

Նոյեմբերի 12-ին Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների ԱԳ նախարարները Դամասկոսի կողմից սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի դրույթները խախտելու պատճառով դադարեցրել են Սիրիայի անդամակցությունը համաարաբական կազմակերպությանը: Ընդ որում, Լիգան կազմակերպության անդամներին կոչ է արել հետ կանչել իրենց դեսպաններին Դամասկոսից, ինչպես նաև սպառնացել է տնտեսական և քաղաքական պատժամիջոցներով:

Սիրիայում 8 ամսվա ընթացքում չեն դադարեցվում հակակառավարական բողոքները, որոնք սկսվել են մարտ ամսին: ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի քանակը հասել է 3,5 հազարի: Սիրիական իշխանությունները ասում են երկու կողմերի ավելի քան 1,5 հազար զոհերի մասին, այդ թվում` իրավապահ մարմնի աշխատակիցների ավելի քան 1,1 հազար զոհերի մասին: Սիրիական ընդդիմության ներկայացուցիչների մեծ մասը և Արևմուտքի մի շարք երկներ պահանջում են նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: