24 նոյեմբերի 2011 - 11:03 AMT
Հենրիխ Մխիթարյան. Մենք փորձել ենք խաղալ հաղթելու համար, բայց արդյունքում սխալներ թույլ տվեցինք

«Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում «Պորտուից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո ասաց, որ նրանց պակասեց կենտրոնացումն ու եզրափակիչ հարված հասցնելու կարողությունը:

«Մենք փորձում էինք խաղալ այնպես, որ հաղթանակ տանենք: Բայց արդյունքում երկու սխալ թույլ տվեցինք, երկու գոլ բաց թողեցինք և արդեն ոչինչ չկարողացանք անել: Մեր գնդակը երկու անգամ դիպավ դարպասաձողին: Երևի դրանից հետո մենք մտածեցինք, որ շուտով կխփենք գոլը, բայց վերջում հենց մենք էլ բաց թողեցինք», մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ֆուտբոլիստի խոսքերը:

Մխիթարյանը նշեց, որ առաջին բաց թողած գնդակը բարոյապես սպանեց նրանց, և երկրորդ գոլը դրանից հետո արդեն նշանակություն չուներ. «Ճիշտ չէ մեղադրել անհաջողության մեջ ինչ որ մեկին: Ֆուտբոլը թիմային խաղ է, հետևաբար մեղավոր են բոլորը»:

Դոնեցկի թիմը G խմբում 2 միավորով զբաղեցնում է վերջին տեղը, խմբի առաջատարն է «ԱՊՕԷԼ»-ը, որն ունի 9 միավոր: