24 նոյեմբերի 2011 - 15:17 AMT
Հայկ Մելիքյանը հայ երաժշտասերներին կներկայացնի ժամանակակից լեհ և հայ կոմպոզիտորների գործերը

Նոյեմբերի 25-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի է ունենալու հայ և լեհական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության համերգ` հայտնի դաշնակահար Հայկ Մելիքյանի մատուցմամբ: Համերգը կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Լեհաստանի դեսպանատան աջակցությամբ: Այն լինելու է Մելիքյանի 1900+ շարքի չորրորդ համերգը:

Լեհաստանի դեսպանատան քաղաքական բաժնի ղեկավար Մաչիեյ Ֆալկովսկին նշեց, որ իրենք հաճախ ենք կազմակերպում դասական համերգներ Հայաստանում, բայց դա առաջինն համերգն է, որտեղ ներկայացվելու է լեհական ժամանակակից դասական երաժշտություն: «Երբ Հայկ Մելիքյանն առաջարկեց ժամանակակից լեհ հեղինակների ստեղծագործությունների համերգ, մենք ուրախացանք և միանգամից որոշեցինք համագործակցել: Նա տաղանդավոր երաժիշտ է, ում գիտեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Արևմտյան Եվրոպայում»: Նա նաև չբացառեց համերգի կազմակերպումը Լեհաստանում:

Մելիքյանը համերգին կատարելու է Կարոլ Շիմանովսկու, Վիտոլդ Լյուտոսլավսկու, Անդրժեյ Պանուֆնիկի, ԿրժիշտոֆՄեյերի և այլ լեհ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Հայ ժամանակակից հեղինակներից Հայկը կատարելու է Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Սադյանի, Ժիրայր Շահրիմանյանի ստեղծագործությունները: Կլինի նաև Մելիքյանի հեղինակած ստեղծագործության` «Պոստլյուդի» պրեմիերան, որը նվիրված է իր ուսուցչի` Ալքսանդր Գուրգենովի հիշատակին:

Եկող տարի, նույն 1900+ շարքի շրջանակներում նախատեսված են համերգներ, որտեղ ներկայացվելու են շվեյցարացի և իտալացի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Նախատեսվում է նար կորեական երաժշտության համերգ: