Երևանում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի վարչության խորհրդատու են ընտրում

Երևանում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի վարչության խորհրդատու են ընտրում

PanARMENIAN.Net - Հայաստանի Տրանսպորտի և կապի նախարարությունում նոյեմբերի 24-ին կայացել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ներդրումային ծրագրի վարչության խորհրդատու դառնալ հավակնող ընկերությունների տեխնիկական առաջարկներով փաթեթների բացումը: Ինչպես լրագրողներին հաղորդել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, սկզբնապես շահագրգռվածություն էր ցուցաբերել 21 կազմակերպություն, որոնցից գնահատման հանձնաժողովն ընտրել էր 6 լավագույններին, որոնց այնուհետև հավանություն էր տվել Զարգացման ասիական բանկը (ԶԱԲ): Նախարարը նշել է, որ այդ 6 կազմակերպություններից երկուսը հետագայում պաշտոնապես հաղորդել են մրցույթին մասնակցությունից իրենց հրաժարվելու մասին:

Ինչ վերաբերում է ինքնին մրցույթին, Վարդանյանի խոսքով, մինչև դեկտեմբերի 20-25 հանձնաժողովը կուսումնասիրի տեխնիկական առաջարկները, գնահատման համապատասխան աղյուսակ կկազմի և կբացվեն ֆինանսական առաջարկները: Ընդ որում, նա ընդգծել է, որ ընկերությունն ընտրելիս հիմնական ուշադրությունը հատկացվելու է որակին. «Գնահատման ժամանակ տեխնիկական առաջարկը, այսինքն` որակը կկազմի գնահատականի 90 տոկոսը, իսկ ֆինանսական առաջարկը` 10 տոկոսը»:

Հայաստանի կառավարությունը 2010թ. հունվարի 14-ին հավանություն է տվել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության ներդրումային ծրագրին, ինչպես նաև Հայաստանի և ԶԱԲ միջև 500 մլն դոլար ընդհանուր գումարի շրջանակային ֆինանսական համաձայնագրին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---