Մինչև դեկտեմբերի 1-ը կջեռուցվեն մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի 161 նախակրթարաններից՝ ջեռուցման խնդիր ունեցող վերջին 12-ում ևս գազով լոկալ ջեռուցման կաթսայատներ են կառուցվել, որոնց շահագործումը կմեկնարկի ոչ ուշ քան ձմռան առաջին օրը: Այսօր քաղաքապետարանում կայացած ասուլիսում ասել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը. «Քաղաքապետ Տարոն Մարգարյանին արդեն զեկուցել ենք, որ մինչև դեկտեմբերի 1-ը կջեռուվեն մայրաքաղաքի բոլոր մանկապարտեզները»:

Հանրակրթության վարչության պետը ներկայացրել է 2011թ. ծրագրերով նախատեսված ու արտածրագրային աշխատանքների արդյունքները: «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ 2011 թվականի համար նախատեսված բոլոր ընթացիկ ու բարեփոխումային ծրագրերն իրականացված են», - նշել է Գայանե Սողոմոնյանը:

Հանրակրթության վարչության պետը, որպես ՆՈՒՀ-երի՝ 2011-ի ամենախոշոր բարեփոխում է գնահատել ապրիլի 1-ից Երևանի համայնքային ենթակայության մանկապարտեզները անվճար դարձնելու որոշումը, ընդգծելով, որ մինչ բարեփոխումը ՆՈՒՀ-եր հաճախելիությունը եղել է 25.000 երեխա, իսկ այսօր արդեն 29.000 նախադպրոցականներ են հաճախում մանկապարտեզներ, 6000-ն էլ հերթագրված են: 2012-ի բյուջեով արդեն նախատեսված է ֆինանսավորում՝ հաջորդ տարի ևս նախակրթարանները անվճար գործելու համար:

«Քաղաքապետի հանձնարարությամբ այս շաբաթ բազմաթիվ շրջայցեր ենք կատարել նախակրթարաններ՝ ջեռուցման պայմաններին, ջեռուցման համակարգերի կառուցման ընթացիկ աշխատանքներին, երեխաների սննդակարգին ու պահպանվող նորմերին տեղում ծանոթանալու համար: Բոլոր դիտարկումները զեկուցվել են քաղաքապետին, ում կողմից առավելագույն հետևողական լինելու խիստ հանձնարարականներ են տրվել»,- ասել է Գայանե Սողոմոնյանը: Խստացվել է նաև մանկապարտեզներ մատակարարվող սննդի վերահսկողությունը. քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներում առաջարկվում է ծնողներին մասնակից լինել սննդի որակի ստուգմանը և հանձնմանը խոհանոց: Գայանե Սողոմոնյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ՝ առավել անաչառ հսկողության նպատակով, պետք է հետևողական լինել, որ վերահսկող խմբերը հաճախակի փոփոխվեն:

Վարչության պետը նշել է նաև, որ ՆՈՒՀ-երի տարածքային բարելավման նպատակով, այդ հաստատություններում ազատ տարածքների համար՝ նախկինում կնքված վարձակալության պայմանագրերը չեն երկարաձգվելու. տարածքները հատկացվելու են մանկապարտեզներին. «Այդպիսով թե՛ ծանրաբեռնված խմբերը կթեթևացվեն, թե՛ հերթացուցակը կնվազի»,- շեշտել է Գայանե Սողոմոնյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---