ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի արդյունքները. Ընդդիմությանը մթությամբ հիշեցրին խավար 90-ականների մասին

ՀԱԿ-ի վերջին հանրահավաքի արդյունքները. Ընդդիմությանը մթությամբ հիշեցրին խավար 90-ականների մասին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունեցել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը: Հրապարակում մոտ 3 հազար մարդ էր հավաքվել, Ոստիկանության տվյալներով` 2700: Արդեն հայտարարվել էր, որ այսօրվա հանրահավաքում նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտության մասին հռչակագիր է ընդունվելու:

Հրաժարականների մասին

ՀԱԿ-ի ակտիվիստներից առաջինը ելույթ է ունեցել «Հայկական Ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, նախորդ հանրահավաքից հետո անցած մեկ ամվա ընթացքում քաղաքական իրադրությունը զգալի փոփոխությունների է ենթարկվել:

Նրա խոսքով` ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքի ժամանակ իշխանության մեջ մասշտաբային փոփոխություններ էր կանխագուշակում, և վերջին հրաժարականները վկայում են նրա իրավացիության մասին:

Փաշինյանն առանձնապես ընդգծել է ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հրաժարականը և այն «խայտառակություն» անվանել` նկատելով, որ Սարգսյանն իր հրաժարականի մասին իմացել է մամուլից: Նա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին կոչ է արել հետևել Ռոբերտ Քոչարյանի օրինակին և հեռանալ քաղաքականությունից:

Հովհարային անջատում

Փաշինյանից հետո` «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ելույթի ժամանակ էլեկտրականությունն Ազատության հրապարակում կորավ: Ընդ որում, հարկ է նշել, որ հարևան փողոցներում կար լույս:

Չնայած լույսի բացակայությանը, Կոնգրեսը շարունակում է իր հանրահավաքը, և Արամ Սարգսյանին փոխարինեց Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ հայկական իշխանությունները կրկին ձեռնամուխ են եղել իրենց վերարտադրության գործընթացին` օգտագործելով իրենց հատուկ մեթոդը:

ՀՀ նախագահի հրաժարականի մասին հռչակագիրը

ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը Կոնգրեսի հանրահավաքի ժամանակ ընթերցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի իրավաքաղաքական հիմքերի մասին հռչակագիրը, որը ցուցարարների քվեարկությանն է առաջադրվել և միաձայն ընդունվել:

Զուրաբյանի խոսքով` 9 կետից բաղկացած այդ հռչակագիրը կօգնի Սերժ Սարգսյանի հրաժարականի կողմից հանդես եկող քաղաքական ուժերի և քաղաքացիների միավորմանը և ուժեղացնել ճնշումն իշխանությունների վրա:

Հռչակագրում պնդում կա, որ Սարգսյանը ծանր հանցանքներ է գործել, որոնք ՀՀ Սահմանադրության համաձայն պատճառ են հանդիսանում նախագահի հրաժարականի համար: Այդպիսի խախտումների թվում Զուրաբյանը նշել է ընտրական օրենսդրության խախտումը, երբ Սարգսյանը վարչապետի պաշտոնն էր զբաղեցնում 2008թ. ընտրությունների ժամանակ, խախտումներն ու կեղծումներն ընտրությունների ժամանակ և վարչարարական ու քրեա-օլիգարխիկ ռեսուրսների օգտագործումը:

Նա հավելել է նաև, որ նախագահ ընտրվելուց հետո Սարգսյանը խախտել է իշխանության ճյուղերի բաժանման սկզբունքը, մասնավորապես` օգտագործելով դատական իշխանությունը կոնգրեսի ակտիվիստներին հետապնդելու համար:

ՀԱԿ-ն ու «Բարգավաճ Հայաստանը»

Ելույթ ունենալով հանրահավաքում` ՀԱԿ-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, ՀԱԿ-ը պետք է սկսի համագործակցել այդ կուսակցության հետ:

«Դա կարող է լրջորեն փոխել Հայաստանում քաղաքական ուժերի դասավորությունը»,- նշել է նա: Ընդ որում, Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ դա ոչ թե Կոնգրեսի պաշտոնական դիրքորոշումն է, այլ իր անձնական կարծիքը:

Իր ելույթում նա հայտնել է, որ ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստանի» միջև լուրջ հակասություններ կան, և երրորդ ուժի ձևավորումը Հայաստանի քաղաքական դաշտում, հակառակ բոլոր կանխատեսումների, տեղի է ունենում ոչ թե ընդդիմության դաշտում, այլ իշխանական ճամբարում:

Դրա հետ մեկտեղ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ իր վարկանիշը պահպանելու համար «Բարգավաճ Հայաստանը» պետք է սահմանազատվի Ռոբերտ Քոչարյանից, այլապես պատասխանատվություն կկրի 2008թ. մարտի 1-ի զոհերի համար:

Քվեարկիր ցանկացածի օգտին, բացի ՀՀԿ-ից

Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմությանը կոչ է անում իր թեկնածուի բացակայության դեպքում քվեարկել ցանկացածի օգտին, բացի ՀՀԿ-ից:

Նա նշել է, որ վերջերս տեղի ունեցած Իջևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ընդդիմադիր կուսակցությունների տեղի կառույցներն աջակցել են «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին, որն էլ, մրցակցելով ՀՀԿ-ի թեկնածուի հետ, հաղթել է ընտրություններում: Ընդ որում, Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ ՀԱԿ-ի Կենտրոնական մարմիններից որևէ ցուցում չի եղել:

Հաջորդ հանրահավաքը` հաջորդ տարի

ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա փետրվարին, ցուցարարներին է հայտնել Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Նրա խոսքով` դա պայմանավորված է ձմռանը հանրահավաք անցկացնելու դժվարություններով:

Ընդ որում, ՀԱԿ-ի ղեկավարն ընդգծել է, որ քաղաքական իրադրության կտրուկ փոփոխության դեպքում հանրահավաքը կարող է և ավելի վաղ տեղի ունենալ:

Նա նշել է, որ այդ ժամանակահատվածում Կոնգրեսն ուշադրություն կդարձնի իր տարածքային մարմիններին: Նա կանխավ շնորհավորել է իր համախոհներին Ամանորի և Սուրբ ծնունդի առթիվ` հույս հայտնելով, որ 2012 թվականը հաղթանակի և ՀՀ քաղաքացիների իրավունքների վերականգնման տարի կդառնա:

Hayk Khalatyan, Armen Yesayants
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---