26 նոյեմբերի 2011 - 13:23 AMT
Գավառում բացվել է ժամանակակից բժշկական կենտրոն

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Տավուշի մարզեր: Գավառ քաղաքում նախագահը մասնակցել է Բժշկական կենտրոնի և «Արաբկիր» բժշկական համալիրի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի մասնաճյուղի` երեխայի զարգացման և վերականգնողական կետնրոնի բացմանը:

«Սա արդեն 7-րդ բժշկական կենտրոնն է, որը բացվում է վերջին 2 տարիների ընթացքում»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Նախագահը շեշտել է, որ նոր բացված կենտրոնը հագեցած է նորագույն սարքավորումներով և Գավառի բնակիչները որակյալ բժշկական օգնություն կարող են ստանալ հենց իրենց քաղաքում` առանց Երևան հասնելու:

Սերժ Սարգսյանը հավելել է, որ 2012 թվականի սկզբին կբացվի Գյումրիի բժշկական կենտրոնը, և տարբեր քաղաքներում կսկսվեն ևս 6 նոր բժշկական կենտրոնների և բուժհաստատությունների շինարարություններ: Նա ընդգծել է, որ այդ բժշկական կենտրոնների բացումը տարածքների համաչափ զարգացման ծրագրի կարևոր բաղկացուցիչ մասն է:

Գավառի բժշկական կենտորնը կառուցվել է ՀԲ կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում: Ընդհանուր ներդրումները Գավառի բժշկական կենտրոն կազմում են շուրջ 4 266 000 ԱՄՆ դոլար: Կենտրոնում աշխատելու է 35 բժիշկ, 69 բուժքույր և 63 այլ աշխատող: