28 նոյեմբերի 2011 - 10:58 AMT
«ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն այլևս չի կառավարի Հայաստանի ԱԷԿ-ը

«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման մասին «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի հետ պայմանագրի դադարեցումն ընկերության գործունեության վրա անդրադառնալ չի կարող, ասվում է Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: «Դա կապված է նրա հետ, որ պայմանագրի գործողության ընթացքում և դրանից հետո «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գործունեության կառավարումը փաստացի իրականացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Կոմերսանտ» թերթը, վկայակոչելով ռուսական էներգահոլդինգին կից աղբյուրին, գրել է, որ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն դժգոհ է այն պայմաններից, որոնցով նա կառավարում է Հայկական ԱԷԿ-ը և մտադիր է վաղաժամ դադարեցնել ՀԱԷԿ-ի կառավարման մասին պայմանագրի գործողությունը:

Հաղորդագրության համաձայն, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում 2003թ-ին միջուկային վառելիքի գծով ռուսական մատակարարների հանդեպ կուտակվել էին շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի պարտքեր, որոնք օգտագործվել էին կայանում էլեկտրաէներգիայի արտադրության համար 1995-2001 թվականների ընթացքում: Նոր վառելիքի մատակարարման վերսկսման համար նախապայման էր դրվել այդ պարտքերի մարումը:

Երկարատև բանակցությունները բերեցին նրան, որ կազմվեց պարտքերի մարման ժամանակացույց, և որպես պարտավորությունների մարման երաշխիք ռուսական կողմը պահանջեց «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի ֆինանսական հոսքերի նկատմամբ իր կողմից վերահսկողության իրականացումը:

Արդյունքում ընդունվեց որոշում` «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնել «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին: Դա թույլ տվեց «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ին վճարել «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի պարտքերը «ՏՎԵԼ» կոնցեռնի հանդեպ, և հետագայում հետ ստանալ իր վճարած գումարները «ՀԱԷԿ» ՓԲԸ-ից:

«ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն անցած տարիների ընթացքում իրականացնելով հավատարմագրային կառավարչի գործառույթները` վերահսկում էր ընկերության բյուջեի ձևավորման և կատարման գործընթացը:

«ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ն ամբողջությամբ կատարեց իր առջև դրված խնդիրները և դրսևորեց իրեն որպես հուսալի գործընկեր: Այդ պայմաններում հավատարմագրային կառավարման պայմանագրի շարունակումը մեծամասամբ կրում է ձևական բնույթ և դառնում է ավելորդ: Բացի դրանից, այս ամենը համընկավ «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի ռազմավարական ծրագրերի փոփոխության հետ, վերջինս սկսեց ազատվել ոչ պրոֆիլային ակտիվներից, ինչպիսին հանդիսանում է նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի հավատարմագրային կառավարումը:

«ՀԱԷԿ» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման պայմանագրի դադարեցումը չի անդրադառնա ընկերության աշխատանքների վրա, քանի որ պայմանագրի գործողության ընթացքում և դրանից հետո «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի գործունեության կառավարումը փաստացի իրականացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

ՀԱԷԿ ֆինանսական հոսքերը «ԻՆՏԵՐ ՌԱՕ»-ի վստահված կառավարմանը հանձնելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2003 թվականին 5 տարի ժամկետով, իսկ 2008-ին երկարացվել է մինչև 2013 թվականը: Փաստաթղթի համաձայն, բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը Հայաստանի կառավարությունն է, իսկ էներգահոլդինգը պարտավորվել է ապահովել ՀԱԷԿ-ի անխափան և անվտանգ գործունեությունը, ինչպես նաև ամեն տարի միջուկային վառելիք ներկրել ատոմակայանի համար: