28 նոյեմբերի 2011 - 11:12 AMT
Ռուսաստանի առաջնությունում «Կրասնոդարը» ձմեռային հանգստի է անցել 9-րդ տեղում՝ 42 միավորով

Յուրա Մովսիսյանի «Կրասնոդարը» Ռուսաստանի առաջնության 32-րդ տուրում Տոմսկի «Տոմի»՛ հետ խաղաց ոչ ոքի: Թիմերը, չնայած ջանքերին, այդպես էլ չկարողացան բացել հաշիվը՝ 0:0:

«Կրասնոդարի»՛ գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը նշում է, որ հակառակորդը խաղն ավելի լավ էր սկսել, քան իրենք: «Առաջին խաղակեսի ավարտին մենք հավասարեցրինք խաղը: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք խաղում, քան հակառակորդը և լավ հնարավորություններ ունեինք, երբ Յուրա Մովսիսյանը , միայնակ դուրս գալով դարպասապահի դեմ, դարպասը չգրավեց»,- գլխավոր մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:

Մուսլինի խոսքով, արդյունքն արդարացի է, սակայն իրենք արժանի էին հաղթանակի:

«Կրասնոդարը» հավաքեց 42 միավոր և շարունակում է զբաղեցնել 9-րդ հորիզոնականը: Ռուսաստանի առաջնությունում ձմեռային դադար է, և Յուրա Մովսիսյանի թիմը հաջորդ խաղը կանցկացնի մարտի 3-ին՝ ընդդեմ «Ռոստովի»: