28 նոյեմբերի 2011 - 11:58 AMT
Կառավարությունում քննարկել են կանանց խնդիրները հասարակությունում

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի նիստ:

Անցնելով օրակարագային հարցերին՝ նիստի մասնակիցները հանդես են եկել 2011 թվականի ընթացքում խորհրդի աշխատանքային խմբերի կողմից կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում իրականացված ծրագրերի կատարման մասին հաշվետվություններով: Հիմք ընդունելով ծավալված քննարկումների արդյունքները և խորհրդի անդամների առաջարկությունները՝ որոշում է կայացվել մինչ դեկտեմբերի 15-ը խորհրդի քարտուղարություն ներկայացնել 2012-ին իրականացվելիք ծրագրերը՝ ըստ համապատասխան բնագավառների:

Որոշում է կայացվել նաև «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի համաձայն 2012 թվականի ՀՀ ազգային զեկույցը պատշաճ մակարդակով նախապատրաստելու և 2013-ին ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեում այն պաշտպանելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:

Այնուհետև, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրել է ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ցանկից բխող գենդերային քաղաքականության ամենամյա ծրագրի գործընթացը, որն իրականացվում է մարզպետարանների կողմից:

Նիստի մասնակիցները քննարկել են նաև այլ հարցեր՝ ուղղված հասարակական-քաղաքական կյանքում կանանց դերի բարձրացմանը: