28 նոյեմբերի 2011 - 14:29 AMT
Հայաստանի նախագահ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կրոնական բնույթ չի կրում

ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նախագահության հերթական նիստն այս անգամ գումարվել է Երևանում։ Նիստին մասնակցում են Նորին Սրբություն Կիրիլ Ա Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Ադրբեջանից, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի Մահմեդականների հոգևոր վարչությունների ներկայացուցիչներ և այլն։

Նախագահության նիստը բացելով՝ Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը խոսեց մարդկության բարոյական արժեքների անկման և այս հարցում հոգևոր դասի դերի մասին։ Նա շեշտեց, որ յուրատեսակ «հոգևոր կոռոզիա» է սկսվել հասարակությունների մեջ։ Միաժամանակ նա շեշտեց, որ հենց հոգևոր դասը պետք է այս ուղղությամբ ջանքեր գործադրի, քանի որ քաղաքական գործիչների և նրանց նախընտրական ծրագրերում բարոյականության մասին կամ ընդհանրապես խոսք չկա, կամ էլ շատ հպանցիկ անդրադարձ է լինում։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտության խնդրի կարգավորման անհրաժեշտությանը միայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով։ «Մեր ժողովրդի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ձգտումն է եղել կայուն դարձնել խաղաղությունը, ամրապնդել բարի հարաբերությունները»,- ասաց Գարեգին Բ-ն և որպես օրինակ ներկայացրեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու Հայաստանի նախագահի նախաձեռնությունը, որն ընթացք չունեցավ Թուրքիայի ժխտողական դիրքորոշման պատճառով։

«Մեր ժողովուրդը շարունակում է մնալ խաղաղ բանակցությունների ճանապարհով հարցերի կարգավորման դիրքերում։ Մեր եկեղեցին ևս հնարավորին չափ պետք է դրան աջակցի։ Մենք ձգտում ենք լուծել մեր ժողովրդների միջև առկա հակամարտությունը, և վստահ ենք, որ այլընտրանք չկա խաղաղությանը»,- նշեց Կաթողիկոսը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննը նույնպես ներկա էր նիստին։ Ողջունելով ԱՊՀ հոգևոր առաջնորդներին՝ նա նշեց, որ աշխարհին անհրաժեշտ է խաղաղություն և ոչ երկպառակություն. «Մենք գտնում ենք, որ հակասություններն ու խնդիրները պետք է կարգավորվեն շփումներով, բանակցություններով և համագործակցությամբ, և ոչ թե սպառնալիքների ու լարման միջոցով։ Տեղյակ եք, որ մեզ համար մեծ ցավ է Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Հայաստանը հետևողականորեն շարժվելու է բանակցությունների ճանապարհով, քանի որ դրա այլընտրանքը ոչ մի բարիք չի բերելու ոչ մեր հարևան ժողովրդին և ոչ էլ մեզ»։

Նախագահը շեշտեց, որ մեր սկզբունքային մոտեցումների շարքում է այն, որ այս հակամարտությունը չի կրում կրոնական բնույթ և նրան կրոնական բնույթ հաղորդելու բոլոր փորձերը ապակառուցողական են. «Չի կարելի թույլ տալ, որ երկու մեծ կրոնները՝ քրիստոնեությունն ու մահմեդականությունը, փորձեն հակադրել իրար։ Առավել ևս անթույլատրելի ենք համարում հակամարտության քողի տակ պատմամշակութային և հոգևոր ժառանգությունները ոչնչացնելու գործողությունները»։

Ադրբեջանի ներկայացուցիչ Կովկասի մահմեդական վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն իր խոսքում բարձր գնահատեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջանքերը 2 ազգերի միջև խաղաղություն հաստատելու գործում։ Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների ուսերին ծանր բեռի նման շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի խնդիրը. «Այդ է պատճառը, որ խաղաղ բանակցային գործընթացները պետք է շարունակվեն ինչպես ռեգիոնալ, այնպես էլ միջազգային մակարդակներով։ Մենք լիովին սատարում ենք Մինսկի խմբի անդամ պետությունների ու մեր երկրների ղեկավարների ջանքերին հարցի լուծման գործում»։

ԱՊՀ Միջկրոնական խորհուրդը ստեղծվել է 2004 թվականի մարտի 3-ին Մոսկվայում 2-րդ Միջկրոնական Խաղաղարարական ֆորումի ժամանակ։