28 նոյեմբերի 2011 - 15:56 AMT
Հայաստանում մանկական գրականությունը թանկ է և հաճախ էլ անորակ, ասում են մասնագետները

Հայաստանի գրախանութներում վաճառվող մանկական գրականությունը շատ թանկ է, գտնում է բանաստեղծ, մանկագիր, երկիծաբան, դրամատուր Սուրեն Մուրադյանը: Ըստ նրա, մանկական գրքերի գինը չպետք է գերազանցի 1000 դրամը, այնինչ այն ավելին է: Բացի դրանից, գրքի 500 տպաքանակը շատ փոքր է նման գրականության համար: Սակայն գրողը որպես ելք, առաջարկում է ստեղծել հաղորդաշար, որտեղ կընթերցվի մանկական գրականություն, մասնավորապես ժամանակակից գրողների գործեր:

Գրողների միության քարտուղար, ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչության կենտրոնի ղեկավար, գրող Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ պետական պատվերով հրատարակված գրքերի գինը չի գերազանցում 1000 դրամը: Այնուամենայնիվ, մանկական գրքերի թանկությունը պայմանավորված է նաև մեծ աշխատանքով, նկարչական ձևավորումներով, գունավոր տպագրությամբ:

Միլիտոնյանի խոսքով դեռ 2 տարի առաջ պետական բյուջեյից մանկական գրականության տպագրմանը հատկացվում էր 15 միլիոն դրամ, իսկ այժմ` 10-11 միլիոն: Տարեկան, Հայաստանում տպագրվում է 30-50 անուն մանկական գրականություն, այդ թվում և թարգմանված գրքեր:

Միլիտոնյանը նաև առաջարկում է վերահսկել մանկական գրականության վաճառքը: Ըստ նրա, մանկական գրականության տակ անորակ գրականություն է վաճառվում` համացանցից վերցրած և անճաշակ նկարներով կամ բովանդակությամբ: