20 դեկտեմբերի 2003 - 19:30 AMT
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՂԹԱՆԱԿՆ Է ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ, ՈՎՔԵՐ ԳԻՏԵՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՒՉԸ
Շվեյցարիայի միացումը հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններին իրավացի հաղթանակն է ոչ միայն Հայաստանի եւ հայկական սփյուռքի, այլեւ բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն պատմությունը: Նման կարծիք է հայտնել «Ռոսիյա» թերթին ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Նրա խոսքերով` Օսմանյան Կայսրությունում հայերի բնաջնջումը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այդ փաստին Ժամանակին եւ պատշաճ գնահատական չտալը բարենպաստ միջավայր ստեղծեց ֆաշիստների կողմից իրականացված հրեա ժողովրդի ցեղասպանության համար, գտնում է Կ. Զատուլինը: Նրա կարծիքով, Թուրքիան պետք է հաշվի առնի ցեղասպանության զոհերի ժառանգների արդարացի պահանջը` փոխհատուցի վնասը: «Դժբախտաբար, ես չեմ տեսնում ցեղասպանության ճանաչմանը դիմադրելուց հրաժարվելու սիմպտոմներ ներկայիս թուրքական կառավարություն կողմից, ավելին, այն փաստորեն շանտաժի է ենթարկում հայերին` պահանջելով, որպեսզի նրանք հրաժարվեն ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերից: Իսկ դա հայերի համար պարզապես անընդունելի է»,- ասել է ռուս քաղաքական գործիչը: Եթե Թուրքիան ինքը ճանաչեր ցեղասպանությունը, ապա դա կընդգծեր նրա առաջատար հայացքները եւ նոր տպավորություն կստեղծեր իր մասին Եվրամիությունում, որին նա այդպես ձգտում է անդամակցել: