«Վրաստանի Հայ Համայնքը» բաց նամակ է հղել Վրաստանի և Հայաստանի նախագահներին

PanARMENIAN.Net - «Վրաստանի Հայ Համայնքը» դիմել է Վրաստանի և Հայաստանի նախագահներ Միխայիլ Սահակաշվիլիին և Սերժ Սարգսյանին` խնդրելով ՀՀ նախագահի` նոյեմբերի 29-30-ը Վրաստան նախանշված պաշտոնական այցի շրջանակում նախատեսված հանդիպումների ժամանակ այլ հարցերի թվում ուշադրություն հրավիրել և քննարկել նաև հարցեր, որոնք կնպաստեն երկու ժողովուրդների բարիդրացիական հարաբերությունների բարելավմանը:

Ներքոշարադրյալում ներկայացված են այն հիմնական մարտահրավերները, որոնց առջև կանգնած է Վրաստանի հայությունը: Թբիլիսիում վերջին տարիների ընթացքում փակվում են հայկական դպրոցները/բաժինները և հեռացվում են պրոֆեսիոնալ մանկավարժները: «Մեր կողմից բազմիցս արձանագրվել են ազգային փոքրամասնությունների (հայերի) իրավունքների խախտման փաստեր. մայրենի լեզվով կրթություն ստանալու դեմ արհեստական խոչընդոտների ստեղծում, հայկական դասարանները փակելու կամ չբացելու փորձեր և փաստեր, հայկական բաժիններում միավորված դասարանների ստեղծում, մանկավարժներին աշխատանքից անհիմն հեռացում և այլն: Այս ամենի մասին տեղյակ են պահվել պետական բազմաթիվ հաստատություններ, այդ թվում` Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը: Հարցը մինչև հիմա մնում է չլուծված»:

Համայնքը բարձրացնում է նաև Խորհրդային իշխանության ժամանակ Հայ Առաքելական եկեղեցուց խլված ունեցվածքի վերադարձի հարցը, այն է` եկեղեցիների և այլ շինությունների ու հուշարձանների` իրենց օրինական տերերին վերադարձնելու և դրանք վերականգնելու խնդիրը:

«Բացի դրանից, Վրաստանը դեռևս չի ճանաչել և չի դատապարտել 1915-1923 թ.թ. Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Մենք ամեն տարի դիմում ենք Վրաստանի համապատասխան կառույցներին և գերատեսչություններին` կոչ անելով ճանաչել աշխարհի առաջատար պետությունների կողմից արդեն ճանաչված Հայոց ցեղասպանությունը»,- գրում են համայնքի ներկայացուցիչները:

Վերջին շրջանում Վրաստանում հաճախակիացել են հայատյաց հայտարարությունները և գործողությունները: Մասնավորապես, պատերին հայերին ուղղված վիրավորական մակագրությունները, հայկական եկեղեցի ներխուժումը, Սուրբ Գրքի թերթերը պոկելը և այրելը, վիրավորական հայտարարություններ անելը: Թվարկված փաստերը սպառնալիք են առաջացնում և վտանգ են ներկայացնում երկու ժողովուրդների հարաբերությունների սրման համար: Ի հավելումն այս ամենի, վրացական ԶԼՄ-ներում ավելանում են հակահայկական և հայատյաց արտահայտությունները և ելույթները:

«Մենք` «Վրաստանի Հայ Համայնքի» անդամներս, հույս ունենք, որ Հայաստանի նախագահի այցը դրականորեն կանդրադառնա և կամրապնդի վրաց-հայկական բազմադարյա բարեկամական հարաբերությունները, կնպաստի վերոնշյալ խնդիրների կարգավորմանը»,- ընդգծվում է նամակում:

Պաշտոնական վերջին տվյալներով, Վրաստանում ապրում է ավելի քան 240 000 ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացի: Վրաց և հայ ժողովուրդներին միավորում են բազմադարյա պատմությունը և բարիդրացիական հարաբերությունները: Վրացական պետության ստեղծման և կազմավորման գործում մեծ ներդրում ունեն նաև Վրաստանի հայերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---